«Ժառանգությունում» դեռ չի քննարկվել «Ալյանս» կուսակցության հետ համագործակցության հարցը
«Կարծում եմ՝ այսօր այն անձինք, քաղաքական գործիչները, որոնք ասելիք ունեն, պետք է անպայման իրենց գործունեությունը ծավալեն»,- այսօր «Ալյանս» կուսակցության առաջին համագումարին նման տեսակետ հայտնեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: Ինչպես արդեն հայտնել էինք, այսօր տեղի ունեցավ ԲՀԿ նախկին անդամ, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի «Ալյանս» «առաջադիմական-ցենտրիստական կուսակցության առաջին համագումարը:
Նրա խոսքով՝ ստեղծվեց մի կուսակցություն, որը բարեփոխումների խնդիրը ուշադրություն կենտրոնում է պահելու. «Ընդդիմադիր դաշտը, անսահամանափակ թվով կուսակցություններ, գործիչներ կարող է ներառել իր ներսում և որեւէ խնդիր գոյություն չունի: Կարծում եմ՝ կուսակցության համագումարին այսքան մարդկանց ներկայությունը ազդակ է, որ կուսակցությունը կարող է լավ մեկնարկ ունենալ»:
Ա. Մարտիրոսյանը կարծում է՝ «Ալյանս» կուսակցությունը կլինի համագործակցային ուժ, հնարավոր կլինի համագործակցել տարբեր խնդիրների հետ կապված. «Ինքս իշխանափոխության կողմնակից եմ, համոզմունք ունեմ, որ նմանատիպ խնդիրնրի լուծման համար հարկավոր կլինի համագործակցությունը: Ես «Ժառանգության» անունից չեմ խոսում, կուսակցությունում այդ հարցը չի քննարկվել: Բայց «Ժառանգությունը» համագործակցային քաղաքական ուժ է, և բոլոր այն հարցերում, որտեղ կա համախոհություն, համագործակցում ենք: Մեկ անգամ չէ, որ եղել է այդ համագործակցումը»: