Եվրասիական տնտեսական միությունը տնտեսապես նպատակահարմար չէ. Սիմոնով

«Ռուսաստանը մոտ ապագայում, քիչ հավանական է, որ հրաժարվի Եվրասիական ինտեգրացիոն պրոյեկտներից»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց «Ազգային էներգետիկ անվտանգության հիմնադրամի» հիմնադիր և գլխավոր տնօրեն, տնտեսական և քաղաքական վերլուծաբան Կոնստանտին Սիմոնովը` անդրադառնալով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներկայացուցիչ Անդրեյ Սլեպնյովի դիտարկումներին, թե միության բոլոր ցուցանիշները բացասական են: Նա նշեց, որ Եվրասիական տնտեսական միությունն իսկապես լուրջ բարդությունների առջև է կանգնած, և այդ բարդություններն էլ ավելի են խտանալու ապագայում, քանի որ դրանք չեն լուծվում միասնականորեն: Սակայն, նրա համոզմամբ, Ռուսաստանը հեշտությամբ մի կողմ չի դնի այս պրոյեկտները, քանի որ դրանք առաջնային քաղաքական նշանակություն ունեն Ռուսաստանի համար: Սիմոնովի համոզմամբ` ելքը մեկն է` ծախսերը կրճատելը:

«Ես բազմիցս եմ կրկնել, որ տնտեսական ճգնաժամը, թեև այս դեպքում իրավիճակը հեռու է նման բնորոշումից, կարգավորելու համար անհրաժեշտ է պարզապես չանել շռայլություններ: Ռուսաստանն ունի ռեսուրսներ, և այդ ռեսուրսները պետք է ծախսել իրավիճակը կայունացնելու համար, և ոչ թե՝ այս կամ այն քաղաքական գործչին «վճարելու» համար, իսկ դա տեղի է ունենում և՛ Ղազախստանի, և՛ Բելառուսի դեպքում»,- ասաց Սիմոնովը:

Նրա համոզմամբ` այդ պրոյեկտներն այսօր ունեն ոչ այնքան՝ տնտեսական, որքան՝ քաղաքական նշանակություն: Նրա վստահեցմամբ` Արևմուտք-Ռուսաստան լարված հարաբերությունների ֆոնին այս պրոյեկտների նշանակությունն աճել է, քանի որ դրանցով Ռուսաստանն Արևմուտքին ցույց է տալիս, որ կան իրեն նվիրված, գործընկեր երկրներ: «Ռուսաստանի համար այդ պրոյեկտները տնտեսապես նպատակահարմար չեն, և ապագան էլ դժվար կանխատեսելի է»,- ընդգծեց նա:

 

Տեսանյութեր

Լրահոս