Մոտ ապագայում մենք կունենանք օնկոլոգիական գերազանցության կենտրոն

«35-68 տարեկան անձինք կարող են այցելել պոլիկլինիկա և անցնել անվճար հետազոտություններ ու որոշել զարկերակային ճնշման և արյան մեջ գլյուկոզայի մակարդակը: 30-60 տարեկան կանայք էլ կարող են անվճար անցնել արգանդի պարանոցի սքրինինգ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ՀՀ ԱՆ Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրեն Նելսոն Զուլոյանը:

Նա նշեց, որ Հայաստանում մահացությունների շարքում հիմնական բեռը՝ մոտ 80 տոկոս, բաժին է ընկնում ոչ վարակիչ հիվանդություններին, որոնցից առաջին տեղում սրտանոթային հիվանդություններն են՝ 48 տոկոս, ապա՝ չարորակ նորագոյացությունները՝ 20 տոկոս, իսկ երրորդ տեղում՝ շաքարային դիաբետը՝ 5 տոկոս:

Նրա խոսքով, իրավիճակի թելադրանքով հաստատվել է միջոցառումների ցանկ, նախանշված միջոցառումներն իրականացվելու նպատակով մեկնարկել է «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» ծրագիրը, որի նպատակն է՝ բարելավել մոր և մանկան առողջության պահպանման ծառայությունները, ընտրված ոչ վարակիչ հիվանդությունների վաղ հայտնաբերումը և վերահսկումն առողջության առաջնային պահպանման օղակում, ինչպես նաև՝ առողջապահական ծառայությունների որակը և արդյունավետությունը ծրագրում ընդգրկված հիվանդանոցներում:

Նելսոն Զուլոյանի խոսքով՝ «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» ծրագրի շրջանակներում 2015-2018թթ., եռամյա կտրվածքով մեկնարկել են աշխատանքները՝ զարկերակային գերճնշման, շաքարային դիաբետի և արգանդի պարանոցի քաղցկեղի վաղ հայտնաբերման, կանխարգելման և վերահսկման ուղղությամբ: Զարկերակային գերճնշման և շաքարային դիաբետի ախտորոշման թիրախային խմբերում ընդգրկված են 35-68 տարեկան ՀՀ բոլոր քաղաքացիները, իսկ արգանդի պարանոցի նախաքաղցկեղի վաղ ախտորոշման և քաղցկեղի կանխարգելման թիրախային խմբում՝ 30-60 տարեկան բոլոր կանայք:

Լրագրողի հարցին, թե ինչու է Հայաստանում իրավիճակն այնպիսին, որ շատ հիվանդներ մեկնում են արտասահման՝ բուժում ստանալու համար, և ե՞րբ ՀՀ քաղաքացին կբուժվի հենց Հայաստանում, ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը պատասխանեց, որ տեղյակ են նման երևույթների մասին:

«Բայց ես ուզում եմ հիմա ասել, որ մեր ուռուցքային-հակաուռուցքային ծառայություններն ամբողջովին համապատասխանում են այն պատկերացումներին և այն ստանդարտներին, որոնք գոյություն ունեն: Ես ձեզ ուզում եմ ասել, որ, համենայն դեպս, ուսումնասիրման և քաղցկեղի հայտնաբերման տեսակետից մենք լիարժեք ենք»:

Նա նշեց, որ նաև աշխատում են բուժման ստանդարտների ուղղությամբ, որոնք հավասարեցնելու են արտերկրի կլինիկաների չափանիշներին: Նախատեսվում է նաև մասնագետների ուսուցում. «Ես կարծում եմ, որ շատ մոտ ապագայում մենք կունենանք օնկոլոգիական գերազանցության կենտրոն, ինչպես դա կոչվում է, և այս կենտրոնում մենք կունենաք ներդրված ժամանակակից օնկոլոգիական ծառայության բնորոշ բոլոր գործիքները»,- ասաց նա:

Տեսանյութեր

Լրահոս