Սպանության գործով դատական նիստի ժամանակ դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի համար մեղադրանք է առաջադրվել ամբաստանյալի հորը

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աղասի Մկոյանից ստացվել էր գրավոր հաղորդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով քննվող քրեական գործով դատաքննության ընթացքում ամբաստանյալի հոր կողմից դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու վերաբերյալ, որը դրսևորվել է պաշտոնեական լիազորությունների իրականացման առնչությամբ դատավորին վիրավորելով:

Լոռու մարզային քննչական վարչության վարույթում հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ քաղաքացի Տ.Մելիքյանը 2015 թվականի մարտի 31-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով դատապարտվել է ազատազրկման 10 տարի ժամկետով՝ 2013 թվականի մայիսի 15-ին Վանաձորում համաքաղաքացի Թ. Մաթևոսյանի սպանության համար:

Նշված քրեական գործի դատաքննությունն ընթացել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի Վանաձորի նստավայրում՝ դռնբաց դատական նիստում, նույն դատարանի դատավոր Աղասի Մկոյանի նախագահությամբ: Դատական նիստերին մասնակցել է նաև ամբաստանյալի հայրը, վիրաբույժ Ն.Մելիքյանը, ում նկատմամբ դատարանի կողմից մի քանի անգամ կիրառվել է դատական սանկցիա՝ դրսևորած ոչ պատշաճ վարքագծի համար:

Նույն գործով հերթական դատական նիստի ժամանակ՝ 2015 թվականի մարտի 20-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, Ն.Մելիքյանը Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի Վանաձորի նստավայրի թիվ 3 նիստերի դահլիճում, դատավոր Աղասի Մկոյանի կողմից ընդմիջում հայտարարելուց անմիջապես հետո, դատարանի նկատմամբ ցուցաբերել է անհարգալից վերաբերմունք, որը դրսևորվել է իր պաշտոնեական լիազորությունների իրականացման առնչությամբ դատավորին վիրավորելով, ինչն արտահայտվել է դատավորի հասցեին հնչեցրած վիրավորական արտահայտություններով ու հայհոյելով:

Մինչդատական վարույթի ընթացքում ձեռք բերված ապացույցների հիման վրա Ն.Մելիքյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 343-րդ հոդվածի 3-րդ մասով: Նրա նկատմամբ խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին:

Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին, մեղադրական եզրակացությունը հաստատվել է, և գործն ուղարկվել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ Քննչական Կոմիտե

Տեսանյութեր

Լրահոս