Իրանը թույլ չի տա զննել Եմենի համար հումանիտար օգնություն տեղափոխող իր նավը. ԱԳՆ
Իրանական Fars լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանը Եմենի քաղաքացիական պատերազմում ներքաշված երկրներին թույլ չի տա զննել այդ երկիր հումանիտար օգնություն տեղափոխող իր նավը: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարզիե Աֆհամը:
Նրա խոսքերով՝ Թեհրանը ցավում է, որ արդեն 50 օր Եմենի դեմ շարունակվող ագրեսիան երկիրը կանգնեցրել է հումանիտար աղետի շեմին: Աֆհամն ընդգծել է, որ անհրաժեշտության դեպքում Իրանը կհամակարգի Եմենին հումանիտար օգնության ցուցաբերումը՝ միջազային կազմակերպություններին համապատասխան, ինչպիսին որ Կարմիր մահիկն է:
Եմենի համար հումանիտար օգնություն տեղափոխող իրանական Iran Shahed նավն այսօր հասել է Օմանի տարածքային ջրեր: Նավի վրա գտնվում են սննդամթերք, դեղորայք, առաջին անհրաժեշտության պարագաներ: Ակնկալվում է, որ նավը եմենյան Էլ-Խոդեյդա նավահանգիստ կհասնի շաբաթվա ընթացքում: Iran Shahed նավին ուղեկցում է իրանական ռազմանավ:
Նախօրեին արաբական դաշինքի ներկայացուցիչ, գեներալ Ահմեդ Ասիրին հայտարարել է, որ դաշինքը հումանիտար օգնությամբ իրանական նավին թույլ չի տա կայանել եմենյան նավահանգստում՝ առանց արաբական դաշինքի ուժերի թույլտվության, ՄԱԿ-ի համաձայնության ու բեռան զննման:
Իրանական բանակն իր հերթին սպառնացել է կրակ բացել, եթե որևէ մեկը փորձի հարձակվել նավի վրա կամ էլ խանգարի նավահանգիստ մտնելուն: