Հոսնի Մուբարաքն ազատ է արձակվել
Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եգիպտոսի գլխավոր դատախազությունը երկրի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքին այլևս չի համարում բանտարկյալ և հիմքեր չի տեսնում՝ նրան բանտում պահելու համար:
Եգիպտոսի ներքին գործերի փոխնախարար, երկրի բանտերի ու ուղղիչ հիմնարկների վարչության ղեկավար Հասան աս-Սոհագին հայտարարել է, որ իրենք ստացել են նման իրազեկում: Նրա խոսքերով՝ գլխավոր դատախազությունը հաշվարկել է նախնական կալանքի մեջ Մուբարաքի անցկացրած ժամկետը և միակ գործով ազատազրկման դատապարտված ժամկետը:
Նախորդ շաբաթ դատարանը «Նախագահական նստավայրերի մասին» գործով Մուբարաքին դատապարտել էր եռամյա ազատազրկման: Սոհագին հայտարարել է, որ Մուբարաքն այլևս բանտարկյալ չէ տվյալ և մյուս գործերով: Մուբարաքի դեմ ներկայացվել էին մի շարք այլ մեղադրանքներ ևս, սակայն Մուբարաքի մեղավորությունը չհաստատվեց: