Թբիլիսիում տեղի է ունեցել ոչ թե ազգամիջյան, այլ միջանձնային միջադեպ. նախարար
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանն այսօր՝ մայիսի 13-ին, ընդունել է Ազգային ավանդական կարատեի ասոցիացիայի նախագահ, Հայաստանում աշխարհի շոտոկան կարատեի միության (WSKU) ներկայացուցիչ Վյաչեսլավ Հարությունյանին:
Վ. Հարությունյանը տեղեկացրել է շոտոկան կարատեի օրերս Թբիլիսիում կայացած առաջնության ժամանակ տեղի ունեցած միջադեպի՝ Վրաստանի հավաքականի անդամ ջավախահայ մարզիկի և ադրբեջանցի մարզիկի միջև ծեծկռտուքի մանրամասների մասին:
Նա նախարարին է ներկայացրել միջադեպի առիթով հրավիրված WSKU-ի հատուկ նիստի ժամանակ ընդունված պաշտոնական որոշումը, որում մասնավորապես նշված է Վրաստանի և Ադրբեջանի հավաքականների մարզիչների որակազրկման մասին: Փաստաթղթում հատուկ շեշտվել է նաև, որ սոցցանցերում տարածված ազգամիջյան ընդհարման մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը, և այն սոսկ միջանձնային է եղել:
Նախարարն իր գոհունակությունն է հայտնել, որ WSKU-ի պահանջով Վրաստանի և Ադրբեջանի կարատեի ֆեդերացիաների կողմից ներկայացված պաշտոնական գրություններում երկու երկրներն էլ իրենց համաձայնությունն են հայտնել մարզիչների որակազրկման վերաբերյալ և պատրաստակամություն հայտնել մշտապես պահպանելու արդար մրցակցության և սպորտային համերաշխության կանոնները: «Ես ցանկանում եմ մեկ անգամ ևս կոչ անել մեր լրատվամիջոցներին հիմք ընդունել միմիայն ստուգված տեղեկատվությունը և օգտվել պաշտոնական լրահոսից»,- ասել է Գ. Ղազարյանը:
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն