«Ալյուրը ֆոլաթթվով հարստացնելու դեպքում, հնարավոր է՝ տղամարդկանց մոտ բնավորության ու օրգանիզմի ֆեմինիզացում տեղի ունենա, ի հայտ կգան կանացի հատկանիշներ»
Կենսաֆիզիկոս, «Հանուն առողջության» նախաձեռնության անդամ Աշոտ Կարապետյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով այն մասին, թե ինչ հետևանքներ կարող են ի հայտ գալ ալյուրը ֆոլաթթվով հարստացնելու դեպքում՝ նշեց, որ ֆոլաթթուն ակտիվացնում է էստրոգենները, այսինքն՝ կանացի հորմոնների աճ է առաջացնում:
«Բոլոր բժիշկներն էլ շատ լավ գիտեն, որ, եթե տղամարդու մոտ կանացի էստրոգենների աճ տեղի ունենա, բնավորության ու օրգանիզմի ֆեմինիզացում տեղի կունենա, ի հայտ կգան կանացի հատկանիշներ տղամարդկանց մոտ: Հիմա պարզ է, որ անչափահասներն այդ առումով շատ ավելի են ռիսկի ենթակա, իսկ հղի կնոջ պտուղը շատ ավելի մեծ չափով է ռիսկի ենթակա»,- նկատեց Ա. Կարապետյանը:
Կենսաֆիզիկոսի խոսքով՝ պարզվում է, որ արդեն մի քանի տարի է՝ պարենի միջազգային ծրագրի միջոցներով, Ռուսաստանի և Իսրայելի ֆինանսավորմամբ (որոնք իրենց մոտ մերժել են ալյուրի ֆորտիֆիկացումը)՝ Հայաստան է ներկրվել ֆորտիֆիկացված ալյուր, և մոտ 67 հազար տարրական դասարանների երեխաների կերակրում են ֆորտիֆիկացված ալյուրից պատրաստված հացով. «Ո՛չ դպրոցների տնօրենները, ո՛չ երեխաների ծնողներն ընդհանրապես տեղյակ չեն եղել այն մասին, որ այդ ալյուրը ֆորտիֆիկացված է: Հիմա Առողջապահության նախարարությունը հավաստիացնում է, որ, իբր, եթե այս օրենքն ընդունվեց, մակնշում կլինի, կպաշտպանվեն սպառողները, բայց այս ակնհայտ խայտառակ փաստը մեր աչքի առաջ է»:
Ա. Կարապետյանը նաև նշեց, որ, եթե բարդ դեպք չէ, հղի կանանց խորհուրդ է տրվում նշանակել՝ 0.4 միլիգրամ ֆոլաթթու, սակայն իրենց հարցումները պարզել են, որ գրեթե բոլոր գինեկոլոգները գրեթե բոլոր հղի կանանց նշանակում են օրական 5 միլիգրամ ֆոլաթթու, մոտավորապես 3-4 ամիս ժամկետով, այսինքն՝ թույլատրելիից 12 անգամ ավելի:
Սպառողների ազգային ասոցիացիայի նախագահ Մելիտա Հակոբյանն էլ պատմեց, որ, երբ Աշոտ Կարապետյանն այս ամենը պատմել է Առողջապահության նախարարության վարչության մի պետի մոտ, այդ մարդն ասել է. «Շուտ գնամ զանգեմ՝ եղբորս հարսն էլ է օգտագործում, ասեմ, որ էլ չօգտագործի»:
Մանրամասները՝ 168.am–ի տեսանյութում: