Հաստատվել է Արցախում «Թթի փառատոն»-ի կազմակերպման օրը

Ընթացիկ տարվա հունիսի 27-ին, ԼՂՀ ԿԱ Զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչության և «Արենի փառատոն» հիմնադրամի նախաձեռնությամբ՝ Ամարաս վանքի հարակից տարածքում առաջին անգամ կկազմակերպվի Թթի փառատոն:

Արցախի 7 շրջաններից ու Հայաստանից կազմված տաղավարներում կներկայացվեն թթից ստացված բարիքները` թթի օղին, դոշաբը, չամիչը, մուրաբան: ԼՂՀ ԿԱ զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչության մամլո ծառայության փոխանցմամբ՝ փառատոնին կցուցադրվեն արցախյան թթի օղու և դոշաբի պատրաստման ավանդական եղանակները, թթի օղու թորման մշակույթը և այլն:

Մշակութային ծրագիրը ևս խոստանում է առատ ու հետաքրքիր լինել: Փառատոնի ընթացքում կհնչի հայկական ավանդական և ժամանակակից երգ ու երաժշտություն:

Արվեստի անկյունում այցելուները կծանոթանան արցախցի տաղանդավոր նկարիչների, վարպետների, կավագործների աշխատանքների հետ: Փառատոնում կներկայացվի նաև մետաքսագործությունը և մետաքսի մշակման արվեստը:

Փառատոնի կազմակերպման առաջնահերթ նպատակներից են` տարածաշրջանոմ զբոսաշրջության զարգացման խթանումը, տեղական արտադրության զարգացումը, արցախյան խոհանոցի հանրահռչակումը, ինչպես նաև համայնքների մշակութային կյանքի աշխուժացումը: Թութը և դրանից ստացված բարիքները մեծ նշանակություն ունեն արցախցիների համար. դրա վկայությունը հենց թթենիների բազմաթիվ այգիների առկայությունն է ամբողջ Արցախում:

Փառատոնի կազմակերպիչները կփորձեն հնարավորինս օգտագործել արցախցիների համար կարևոր այդ բնության բարիքի խորհուրդը ամբողջ փառատոնի ընթացքում: Կազմակերպվելու են ավանդական խաղեր, թթենիների թափ տալու մրցույթներ, հյուրասիրություն և բազմաթիվ այլ ժամանցային միջոցառումներ:

Art

Տեսանյութեր

Լրահոս