ՆԱՏՕ-ի անդամների թվում իր սահմաններին ամենամեծ սպառնալիքը զգում է Թուրքիան. Դավութօղլու
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն Անթալիայում անցկացվող ՆԱՏՕ-ի գագաթաժողովի հայտարարել է, որ Թուրքիան ՆԱՏՕ-ին իր մասնակցությունը դիտարկում է որպես տարածաշրջանի անվտանգության ապահովման կարևոր բաղադրիչ.
«Մենք ՆԱՏՕ-ին մեր մասնակցությունը դիտարկում ենք որպես տարածաշրջանում ընդհանուր անվտանգության ապահովման կարևոր բաղադրիչ: Մենք պետք է աշխատենք համատեղ, որպեսզի հասնենք լավագույն արդյունքներին: Մեզ բոլորիս անհրաժեշտ է խորհրդակցությունների բաց գործընթաց, որը զերծ կլինի յուրաքանչյուր ճնշումից»:
Դավութօղլուի խոսքերով՝ Թուրքիան ՆԱՏՕ-ի մյուս անդամներից ավելի շատ է զգում իր սահմանների հարևանությամբ սպառնալիքներ. «Աճում է «Իսլամական պետության» կողմից սպառնալիքը: Մենք 1300 կիլոմետրանոց սահման ունենք այն երկրների (Սիրիա ու Իրաք) հետ, ուր գործում է այդ խմբավորումը:
Թուրքիան ակտիվացնում է իր ուժերը՝ ահաբեկչական սպառնալիքի դեմ պայքարելու համար, և դրա հետ մեկտեղ շարունակում է օգնություն ցուցաբերել այդ երկրներից եկող փախստականներին:
Թուրքիան ցայսօր 5.6 միլիարդ դոլար է ծախսել սիրիացի ու իրաքցի փախստականներին հումանիտար օգնություն ցուցաբերելու վրա, որոնց թիվը Թուրքիայում հասնում է երկու միլիոն մարդու»: