Վրացի քաղաքական գործիչների թվում ամենաբարձր վարկանիշն ունի Մարգվելաշվիլին. NDI
Грузия Online-ի փոխանցմամբ՝ ամերիկյան Ազգային դեմոկրատական ինստիտուտը (NDI) հրապարակել է Վրաստանում անցկացրած հարցախույզի արդյունքները:
Հասարակական կարծիքի հետազոտությունը վկայել է, որ Վրաց պատրիարք Իլյա 2-րդ վարկանիշը կազմում է 87 տոկոս, և որ հարցվածների միայն 2 տոկոսին դուր չի գալիս նրա գործունեությունը: Քաղաքական գործիչների թվում առաջատարը Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին է:
Հարցվածների 52 տոկոսը բարյացակամ է տրամադրված նրա նկատմամբ, իսկ 22 տոկոսը՝ ոչ: 21 տոկոսն էլ դիրքորոշում չունի այդ հարցում: «Ազատ դեմոկրատներ» կուսակցության առաջնորդ Իրակլի Ալասանիային համակրում է հարցվածների 51 տոկոսը:
Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլիի ցուցանիշը կազմել է 45 տոկոս, խորհրդարանական փոքրամասնության առաջնորդ Դավիթ Բաքրաձեի ցուցանիշը՝ 44 տոկոս, իսկ երկրի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլու ցուցանիշը՝ 40 տոկոս:
Էներգետիկայի նախարար Կախա Կալաձեին համակրում է հարցվածների 37 տոկոսը, պաշտպանության նախարար Թինա Խիդաշելուն՝ 33 տոկոսը, նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլուն՝ 30 տոկոսը, ընդդիմադիր կուսակցապետ Նինո Բուրջանաձեին՝ 26 տոկոս:
Հարցախույզն անցկացվել է ողջ Վրաստանում, մարտի 27-ից մինչև ապրիլի 19-ն ընկած ժամանակահատվածում: Դրան մասնակցել է 4360 մարդ: