Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները ցանկանում են ավելացնել հանդիպումների հաճախականությունը. Ուորլիք

«Ամերիկայի Ձայն» ռադիոկայանին տված հարցազրույցի ժամանակ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը, մեկնաբանելով Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ նախորդ շաբաթ Վաշինգտոնում կայացած հանդիպման արդյունքները, հայտարարել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները ցանկանում են ավելացնել հանդիպումների հաճախականությունը.

«Նախագահների հնարավոր հանդիպման ամսաթիվը դեռ չի որոշովել, սակայն երկու նախագահներն էլ հայտնել են, որ ցանկանում են ակտիվացնել երկխոսության ընթացքը, և այժմ մենք փնտրում ենք նման երկխոսության կազմակերպելու հնարավորություն:

Միջնորդների դերը կայանում է հենց բանակցությունների շրջանակաների նախապատրաստման մեջ: Այնպես որ մենք շուտով կայցելենք տարածաշրջան՝ նախագահների հանդիպումը նախապատրաստելու նպատակով»:

Դրական գնահատելով Սերժ Սարգսյանի հետ կայացած հանդիպման արդյունքները՝ Ջեյմս Ուորլիքը նշեց, որ իր տպավորությամբ՝ հակամարտության բոլոր կողմերը ցանկանում են հասնել խնդրի խաղաղ կարգավորմանը.

«Ես հավատում եմ, որ թե՛ նախագահ Սարգսյանը, թե՛ նախագահ Ալիևը ցանկանում են բանակցությունների միջոցով գտնել այս հակամարտության լուծումը, հակամարտության, որն արդեն շարունակվում է չափից ավելի երկար, որն արդեն չափից ավելի մարդկանց կյանքեր է խլել: Մենք ցանկանում ենք վերջ դնել այս ամենին»:

Ամերիկացի դիվանագետի խոսքով՝ տարածաշրջան նախատեսված այցի ընթացքում միջնորդները կարող են հանդիպումներ անցկացնել նաև Լեռնային Ղարաբաղի փաստացի իշխանությունների հետ:

Տեսանյութեր

Լրահոս