Ղարաբաղյան հակամարտությունը չունի ռազմական լուծում. Ջեյմս Ափաթուրայ
Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հարավային Կովկասում ու Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ափաթուրայը հայտարարել է, որ Ղարաբաղյան հակամարտությունը չունի ռազմական լուծում
Նա հույս է հայտնել, որ քաղաքական գործընթացը կտա արդյունքներ՝ հավելելով, որ ՆԱՏՕ-ն անմիջական դեր չի խաղում հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում.
«Մենք աջակցում ենք Մինսկյան գործընթացին: Միևնույն ժամանակ մենք մտահոգված ենք զորքերի շփման գծում իրավիճակի վատթարացման կապակցությամբ:
ՆԱՏՕ-ն կարող է խաղալ միայն օժանդակ դեր՝ պայմաններ ստեղծելով Հայաստանի ու Ադրբեջանի քաղաքական գործիչների, դիվանագետների ու զինվորականների միջև շփումների համար:
Հուսով եմ, որ այդ շփումները կարող են ունենալ դրական ազդեցություն: Ես ուրախ էի տեսնել, որ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները հանդիպեցին Ուելսում անցկացված ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակներում»: