Վրաստանը մոտենում է ՆԱՏՕ-ին. Սթոլթենբերգ
Грузия Online-ի փոխանցմամբ՝ երեկ Բրյուսելում տեղի է ունեցել Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլու ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգի հանդիպումը:
ՆԱՏՕ-ի շտաբ-բնակարանում կազմակերպված համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Սթոլթենբերգը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության հարցը կախված է միայն ՆԱՏՕ-ի անդամ 28 երկրներից ու Վրաստանից:
Սթոլթենբերգն ընդգծել է, որ որևէ այլ երկիր չի կարող վետո դնել այդ գործընթացի վրա կամ էլ միջամտել դրան: Սթոլթենբերգի խոսքերով՝ Վրաստանը ՆԱՏՕ-ի հաստատակամ ու ամուր գործընկերն է, և որ իրենք ողջունում են վերջին տարիներին նրանց միջև ծավալված համագործակցությունը:
Սթոլթենբերգի գնահատմամբ՝ Վրաստանն առաջընթաց է գրանցել դաշինքին ինտեգրվելու ճանապարհին. «Վրաստանը մոտենում է ՆԱՏՕ-ին, և մենք ակնկալում ենք, որ Վրաստանը կշարունակի հետևել տվյալ ուղղությամբ: ՆԱՏՕ-ն կօգնի Վրաստանին՝ բարելավելու համար պաշտպանունակությունը:
Այս տարի մենք Վրաստանում համատեղ ստեղծում ենք ուսուցման բազա: Վրաստանը առաջընթաց է գրանցել պաշտպանական ոլորտում, և ՆԱՏՕ-ն ողջունում է նրա հավակնոտ պլանները»: