Բաժիններ՝

Գարեթ Բեյլ. Գիշերային ակումբները և նման բաներն ինձ բնավ չեն հետաքրքրում

Համաշխարհային ֆուտբոլի աստղերի մասին կարելի է անվերջ խոսել, նրանց մասին պատմություններ պատմել, բայց ավելի հետաքրքիր է լսել հենց իրենց: 168.am-ը հավաքագրել է Ուելսի ազգային հավաքականի և «Ռեալ Մադրիդի» ֆուտբոլիստ Գարեթ Բեյլի հարցազրույցներից ամենահետաքրքիր և տպավորիչ հատվածները: Այսպիսով պատմում է Գարեթ Բեյլը:

Ամենատպաոիչ առաջնությունը
«Իմ տեսած ամենատպավորիչ աշխարհի առաջնությունը, որը հիանալի հիշում եմ 1998 թվականին էր, Ֆրանսիայում: Ես 9 տարեկան է և հիանում էի բրազիլացիների խաղով: Նրանք պարզապես հիանալի էին խաղում»:

Մանկության կուռքը
«Ինձ համար ոգեշնչման աղբյուր է Ռայան Գիգզը: Նա նույնպես ուելսեցի է, խաղում է ձախ ոտքով և պարզապես զարդարում է ֆուտբոլն իր ներկայությամբ: Նա հիմա այնքան էլ երիտասարդ չէ, բայց միևնույն է՝ ես հիանում եմ նրանով»:

Առաջինը լինելու ձգտումը
«Դեռ մանկուց ես շատ եմ սիրել լինել առաջինը: Փոքր տարիքում շատերն էին ապշում, երբ տեսնում էին վազքիս արագությունը: Դպրոցում շատ լավ եմ սովորել և առաջադրանը միշտ առաջինն էի կատարում»:

Կարդացեք նաև

Ուելսի հավաքականը
«Ես կարող էի հանդես գալ նաև Անգլիայի հավաքականում, քանի որ իմ տատիկն անգլուհի է, սակայն նա երբեք ինձ չի համոզել ընտրության կատարել հօգուտ Անգլիայի հավաքականի: Ինձ հետ այդ թեմայով առհասարակ ոչ ոք չի խոսել, միայն Անգլիայի հավաքականից են կապվել գործակալիս հետ: Չեմ ուզել խաղալ Անգլիայի հավքականում, քանի որ Ուելսի հավաքականում խաղալն ինձ համար պատիվ է»:

Կարևոր խորհուրդ
«Մեկ անգամ «Տոտենհեմի» նախկին գլխավոր մարզիչ Հարրի Ռեդնապը ասաց, որ ես քիչ ուշադրություն դարձնեմ մազերիս հարդարանքին: Այդ խորհուրդն ինձ շատ օգնեց: Հասկացել եմ, որ խաղադաշտում պետք է կենտրոնանալ միայն խաղի վրա»:

«Ռեալ Մադրիդի»՝ ճակատագիր»
«Միշտ երկրպագել եմ «Ռեալ Մադրիդին» և ունեցել եմ ցանկություն հանդես գալ այս ակումբում: Ինձ համար մեծ պատիվ է մեկ թիմում խաղալ իմ կուռքերից մեկի ՝ Կրիշտիանու Ռոնալդուի հետ»:

Ֆուտբոլը աշխատանք չէ
«Գումարն, ինչպես յուրաքանչյուրի, այնպես էլ իմ կյանքում հավելյալ բոնուս է, բայց առավել կարևոր է զբաղվել սիրելի գործով: Ինձ համար այդպիսի գործ է ֆուտբոլը»:

Անձնական կյանքի լուսաբանումը
«Եթե պետք է խոսենք ֆուտբոլի, թիմիս մասին, ապա խնդրեմ, ես պատրաստ եմ հարցազրույց տալ: Սակայն անձնական կյանքիս մասին ոչ մի խոսք»:

Լավագույն հանգիստը՝ տանը
«Ես չեմ սիրում զվարճանալ: Գիշերային ակումբները և նման բաներն ինձ բնավ չեն հետաքրքրում: Ավելի լավ է համերգ դիտեմ կամ ֆուտբոլային հանդիպում, քան ժամանակս գիշերային ակումբում անցկացնեմ: Ալկոհոլ ես ընդհանրապես չեմ օգտագործում: Երբեք նման խմիչքներ օգտագործելու ցանկություն չեմ ունեցել: Փորձել եմ մի քանի անգամ, բայց բերանս առնելուն պես փսխել եմ»:

Սիրարփի Աղաբաբյան

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս