Պուտինը Հաղթանակի զորահանդեսի ժամանակ առաջին անգամ հայտարարել է լռության րոպե
Gazeta.ru-ի փոխանցմամբ` Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն Կարմիր հրապարակում անցկացվող Հաղթանակի զորահանդեսի ժամանակ առաջին անգամ հայտարարել է լռության րոպե:
Ընդգծվում է, որ 1965 թվականից սկսած` Մոսկվայում անցկացված Հաղթանակի զորահանդեսների ժամանակ չի հայտարարվել լռության րոպե: Իր ելույթում Պուտինը շնորհակալություն է հայտնել վետերաններին ու դաշնակիցներին` նացիզմի ջախջախման հարցում ունեցած ներդրման համար.
«Մեծ Հաղթանակը հավերժ կմնա որպես մեր երկրի պատմության հերոսական գագաթնակետ: Սակայն մենք հիշում ենք նաև հակահիտլերյան կոալիցիայի գծով մեր դաշնակիցներին: Մենք շնորհակալ ենք Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի ու ԱՄՆ-ի ժողովուրդներին` հաղթանակի հարցում ունեցած ներդրման համար:
Մենք շնորհակալ ենք տարբեր երկրների հակաֆաշիստներին, որոնք անձնազոհաբար մարտնչել են պարտիզանական ջոկատներում ու ընդհատակում, այդ թվում նաև բուն Գերմանիայում»: Պուտինը վստահություն է հայտնել, որ Երկրորդ համաշխարհային պատերազմը դաս է հանդիսացել մարդկության համար:
Պուտինը նաև հիշեցրել է, որ ԽՍՀՄ-ն իր վրա է ընդունել թշնամու ամենադաժան հարվածները, որ ԽՍՀՄ-ի դեմ են մարտնչել նացիստների ընտրյալ խմբավորումները, կենտրոնացված է եղել նրանց ռազմական ողջ հզորությունը, որ այստեղ են տեղի ունեցել Երկրորդ համաշխարհային պատերազմի խոշորագույն ճակատամարտերը` հաշվի առնելով զորքերի ու տեխնիկայի թիվը: