Պետք է բացառել ԼՂ հակամարտության գոտում պատահական պատերազմի վտանգը. Անդրեյ Արեշև
«ԼՂ հակամարտության գոտում մեծացել է պատահական պատերազմի վտանգը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց ՌԳԱ Արևելագիտության ինստիտուտի Կենտրոնական Ասիայի, Կովկասի և Ուրալ-Պովոլժիեի ուսումնասիրության կենտրոնի փորձագետ Անդրեյ Արեշևն` անդրադառնալով ԼՂ հակամարտության գոտում ստեղծված իրավիճակին:
Արեշևի կարծիքով` Ղարաբաղյան հակամարտությունը պահանջում է հավելյալ քաղաքական-դիվանագիտական ջանքեր, ինչը հնարավորություն կտա բացառել պատահական պատերազմի վտանգը: Նրա համոզմամբ` սադրանքների ալիքը կարող է հանգեցնել լուրջ էսկալացիայի: Անդրեյ Արեշևը նշեց, որ ռուս-հայկական շփումները պետք է ակտիվացվեն տարբեր ուղղություններով, այդ թվում՝ ռազմատեխնիկական համագործակցության, քանի որ ՌԴ-ն հետաքրքրված չէ ԼՂ-ի շուրջ ռազմական գործողություն ների վերսկսկմամբ: «Չէ որ դա կանդրադառնա նաև Ռուսաստանի ներսում իրավիճակի վրա, քանի որ Ռուսաստանում ապրում են և՛ հայեր, և՛ ադրբեջանցիներ: Իրավիճակն, իսկապես, բարդ է, բայց ՌԴ-ն հետաքրրքված չէ հետագա սրմամբ և բոլոր անհրաժեշտ քաղաքական, դիվանագիտական քայլերն անելու է՝ լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսումը բացառելու համար»,- ասաց Արեշևը: