Համացանցում սկսել է գործել «Հիմնարար հայագիտություն» էլեկտրոնային հանդեսը
Համացանցում սկսել է գործել «Հիմնարար հայագիտություն» էլեկտրոնային հանդեսը` www.fundamentalarmenology.am: Հանդեսի հոդվածները և նյութերը նվիրված են՝ Հայոց պատմության և բանասիրության, հնագիտության և ազգագրության, ժողովրդագրության և տնտեսագիտության, փիլիսոփայության և իրավունքի, քաղաքագիտության և կառավարման, արվեստի և արևալագիտության համար հիմնարար նշանակություն ունեցող հարցերի վերհանմանը, պարզաբանմանը և ուսումնասիրմանը: Հանդեսն անգլալեզու է:
Հանդեսի առաջին համարը նվիրված է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին: Հանդեսում մեծ թվով հոդվածներ, նյութեր և փաստաթղթեր են տեղադրվել Հայոց ցեղասպանության վերաբերյալ, որոնցում բազմակողմ անդրադարձ է կատարվում հիմնարար խնդիրներին: Այստեղ տեղ է գտել Ցեղասպանության եզրույթը գործածության մեջ դնող և այդ հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին կոնվենցիայի ընդունման գործում անուրանալի դեր ունեցած Ռաֆայել Լեմկինի հարցազրույցի տեսագրությունը, որտեղ նա նշում է, որ եզրույթը ստեղծելիս հիմք է ընդունել Հայոց ցեղասպանությունը:
Հանդեսի խմբագրական խորհրդի անդամներ են Հայաստանում և արտերկրում հայտնի գիտնականներ՝ պատմագիտության դոկտոր Էդուարդ Դանիելյանը (գլխավոր խմբագիր), ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Արարատ Աղասյանը, ակադեմիկոս Գեորգ Բրուտյանը, պ.գ.թ. Ռոբերտ Ղազարյանը (պատասխանատու քարտուղար), բանասիրական գիտությունների դոկտոր Ավետիք Իսահակյանը, պրոֆեսոր Ջոն Մեյսոնը, ակադեմիկոսներ Աշոտ Մելքոնյանը, Ռուբեն Սաֆրաստյանը, Յուրի Սուվարյանը:
Հանդեսի աշխատանքները հովանավորվել են Հայագիտական ուսումնասիրությունները ֆինանսավորող Համահայկական հիմնադրամի կողմից, որի հիմնական նպատակներից է հայագիտության զարգացման խթանումը, որը համարվում է ՀՀ պետական քաղաքականության գերակա ուղղություններից մեկը:
ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական կենտրոն