Ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի ղեկավարն Էրդողանի հետ լեզվակռվից օրեր անց ժամանել է Անկարա

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության նորընտիր «նախագահ» Մուսթաֆա Աքընջըն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հրավերով ժամանել է Անկարա: Դա նոր պաշտոնում ընտրվելուց հետո Աքընջըի առաջին արտասահմանյան այցն է:

Անկարայում նրան ընդունել է Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն: «Չանքայա» վարչապետական (նախկինում նախագահական) նստավայրում տեղի ունեցած այդ հանդիպումն անցել է դռնփակ պայմաններում և տևել է 1 ժամ և 20 րոպե: Հանդիպումից հետո Աքընջըն այցելել է Անըթքաբիր՝ Աթաթուրքի դամբարան և գրառում է կատարել այնտեղ պահվող հուշատետրում:

Այսօր «Աք սարայ» նախագահական նստավայրում Աքընջին ընդունելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը: Հանդիպումը նախ անցկացվելու է տետ-ա-տետ ձևաչափով, ապա՝ պատվիրակությունների մասնակցությամբ, ինչից հետո տեղի կունենա Էրդողանի ու Աքընջըի համատեղ մամուլի ասուլիսը:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Աքընջըն և Էրդողանը հեռակա կարգով լեզվակռիվ էին տվել միմյանց հետ: Աքընջըն հայտարարել էր երկրի վերամիավորման անհրաժեշտության և ՀԿԹՀ-ի ու Թուրքիայի միջև հարաբերությունները փոխելու ցանկության մասին, որպեսզի դրանք դառնան իրավահավասար և ոչ թե ավագ ու կրտսեր եղբոր հարաբերություններ:

Աքընջըն մայիսի 11-ին հանդիպելու Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Անաստասիդիսի հետ:

Տեսանյութեր

Լրահոս