Վրացական կողմը Հայաստանի դեմ քայլերի չի գնա. Վրաստանի ԱԳ նախկին նախարար
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի և Հարավային Օսիայի խորհրդարանի նախագահ Անատոլի Բիբիլովի հանդիպումը մտահոգության առարկա է դարձել վրացական կողմի համար: Արդեն երկու օր է` օսական կողմի տարածած տեղեկությանը, թե Սահակյանի և Բիբիլովի միջև պաշտոնական հանդիպում է տեղի ունեցել, պաշտոնական Թբիլիսին անդրադառնում է ամենաբարձր մակարդակով, իսկ հայկական կողմը պնդում է, որ հանդիպումը կրել է միայն մասնավոր բնույթ: Այսօր Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլիին դա է վստահեցրել անձամբ Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ինչը բացահայտում է դիվանագիտական տարաձայնությունների լրջությունը:
168.am-ի հետ զրույցում տեղի ունեցածին անդրադարձավ Վրաստանի ԱԳ նախկին նախարար Իրակլի Մենագարիշվիլին` պնդելով, որ միջադեպը նույնիսկ չպետք է որակել՝ աղմկահարույց իրադարձություն: Նրա պնդմամբ` ավանդաբար հայ-վրացական հարաբերություններն այնքան արժեքավոր են եղել կողմերի համար, որ հարաբերություններում սկանդալներ չեն առաջացել, ավելին՝ կողմերը կարող են երկկողմ հարաբերությունները հեռու պահել միջադեպերից:
«Թեև, վրացական հասարակության տեսանկյունից, եթե այդ հանդիպումն իսկապես կայացել է և կրել է պաշտոնական բնույթ, ապա միանշանակ տհաճ փաստ է: Ինչպե՞ս հարթել: Միակ բանը՝ պետք է խուսափել նման քայլերից, քանի որ մեր հայ գործընկերների համար պետք է որ հասկանալի լինի, թե ինչու է Վրաստանը նման յուրաքանչյուր քայլն ընկալում՝ որպես ոչ բարեկամական և տհաճ: Մենք պետք է ավելի խնամքով վերաբերվենք այդ հարաբերություններին, որի շնորհիվ էլ ձևավորվել են հայ-վրացական եղբայրական և բարեկամական հարաբերությունները»,- ասաց Մենագարիշվիլին:
Վերջինս նշեց, որ այսօր հայ-վրացական հարաբերությունների համար սպառնալիքներ չկան: Նրա վստահեցմամբ` սպառնալիք չէ նաև Ռուսաստանը, քանի որ Հայաստանը կարողացել է ճիշտ քաղաքականություն վարել նախկինում: «Ես հույս ունեմ, որ այս ոչ այնքան կոռեկտ քայլը չի ունենա ինչ-ինչ հետևանքներ վրացական կողմից: Վրացական կողմից չեն լինի կտրուկ քայլեր, իսկ հայկական կողմը կհասկանա, որ սա ցավոտ հարց է Վրաստանի համար, և նման բացթողումներ թույլ չեն տրվի ապագայում»,- ասաց Վրաստանի ԱԳ նախկին նախարար Իրակլի Մենագարիշվիլին: