«Գրիբոյեդով» ակումբը կհյուրընկալի վերջերս ադրբեջանամետ հայտարարություններով աչքի ընկած Գենադի Զյուգանովին

Հայտնի ռուս հեռուստամեկնաբան Դմիտրի Կիսելյովը շարունակում է իր ուշադրության կենտրոնում պահել աշխատանքը Հայաստանում: Նրա համակարգմամբ, սակայն, բավականին լուրջ գաղտնիության քողի ներքո գործող «Գրիբոյեդով» ակումբի առաջիկա երկու ամիսների աշխատանքային գրաֆիկն արդեն հայտնի է: Մայիսի 25-ին ակումբը կհուրընկալի ռուսաստանցի քաղաքական գործիչ, Ռուսաստանի Կոմկուսի առաջնորդ, վերջերս ադրբեջանամետ հայտարարություններով աչքի ընկած և քննադատությունների ենթարկված Գենադի Զյուգանովին, ով ակումբի անդամների հետ կզրուցի «Ժամանակակից աշխարհի կոմունիստական կուսակցությունները» թեմայի շուրջ:

Փետրվարի 8-ին ՌԴ Պետդումայի Կոմունիստական կուսակցության ղեկավար Գենադի Զյուգանովի գլխավորած պատվիրակությունը մեկնել էր Բաքու: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել էր Զյուգանովի հետ և նրա կողմից ստացել կուսակցության շքանշան:

«Մենք պետք է սովորենք միմյանցից: Ռուսաստանը կարող է լավ հարաբերություններ հաստատել մուսուլմանական երկրի հետ, և այդ հարաբերություններն օգտակար կլինեն բոլորի համար»,- Բաքու կատարած այցից հետո հայտարարել էր ՌԴ Կոմկուսի առաջին քարտուղար Գենադի Զյուգանովը` Բաքուն համարելով տարածաշրջանի լավագույն մայրաքաղաքը: Բաքվի հանդիպումից հետո արած կտրուկ ադրբեջանամետ հայտարարությունների համար Զյուգանովից իր հայաստանյան գործընկերները` Հայաստանի կոմունիստական կուսակցության ներկայացուցիչները, բացատրություն չէին համարձակվել պահանջել` վստահեցնելով, թե նույնատիպ հայտարարություններով Զյուգանովը հանդես կգա Երևանում ևս: Թեև բացատրություն միգուցե համարձակվեն պահանջել «Գրիբոյեդովի» հայաստանյան անդամները:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս