Թբիլիսիում Հայաստանի դեսպանը կանչվել է Վրաստանի ԱԳՆ

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանում Հայաստանի դեսպան Յուրի Վարդանանը երեկ հրավիրվել է Վրաստանի ԱԳՆ՝ կապված Հայաստանի խորհրդարանի նախագահ Գալուստ Սահակյանի ու Հարավային Օսիայի իշխանությունների ներկայացուցիչների հանդիպման հետ:

Այս մասին հայտարարել է Վրաստանի ԱԳՆ-ի մամլո ծառայությունը: Հարավօսական ԶԼՄ-ների համաձայն՝ Գալուստ Սահակյանը հանդիպում է ունեցել աշխատանքային այցով ԼՂՀ-ում գտնվող Հարավային Օսիայի խորհրդարանի նախագահ Անատոլի Բիբիլովի հետ:

Դրա հետ կապված՝ Վրաստանի փոխարտգործնախարար Գիգի Գիգիաձեն վրացական կողմի խորին մտահոգությունն է հայտնել Հայաստանի դեսպանին: Գիգիաձեն ընդգծել է, որ տվյալ փաստը հակասում է Հայաստանի ու Վրաստանի միջև ավանդական բարեկամական միասնությանն ու վնասում է երկկողմ հարաբերություններին:

Գիգիաձեն նաև զարմանք է հայտնել տարածված տեղեկատվության կապակցությամբ, թե հանդիպումը կրել է ոչ պաշտոնական բնույթ և ընդգծել է, որ վրացական կողմի համար բացարձակապես անընդունելի է բարեկամական երկրի պաշտոնյաների կողմից օկուպացիոն ռեժիմի ներկայացուցիչների հետ ամեն բնույթի շփում ունենալը:

Հայաստանի դեսպանն իր հերթին ափսոսանք է հայտնել տեղի ունեցածի կապակցությամբ և հայտարարել է, որ Երևանն անհապաղ կիրազեկվի Վրաստանի տվյալ դիրքորոշման մասին:

Դրանից առաջ էլ Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ և քննարկել է Սահակյանի ու Բիբիլովի հանդիպման հարցը:

Աբրահամյանն ընդգծել է, որ Բիբիլովը մասնավոր այցով Ղարաբաղում գտնվել է ոչ աշխատանքային օրվա ժամանակ, իսկ Գալուստ Սահակյանը նրա հետ ունեցել է անձնական բնույթի հանդիպում, և որ հանդիպման ժամանակ չեն քննարկվել գործարար հարցեր:

Տեսանյութեր

Լրահոս