
«Ղարաբաղի ժողովուրդն իրավունք ունի որոշելու իր ապագան». Լեհաստանի դեսպանը` ԼՂ ընտրությունների մասին

«Լեհաստանի կառավարության տեսանկյունից ԼՂ-ն չի համարվում պետություն»,- այսօր Մամուլի ազգային ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ-ում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Եժի Նովակովկին` անդրադառնալով նախօրեին Լեռնային Ղարաբաղում կայացած խորհրդարանական ընտրություններին, ներկայացնելով դրանց վերաբերյալ Լեհաստանի Հանրապետության գնահատականը:
Դեսպան Նովակովսկին ասաց, որ ԼՂ կարգավիճակի և ճանաչման հարցը դեռ առկախ է, ոչ մի Եվրոպական պետություն չի ճանաչել այն: «Ուստի քաղաքական գնահատական տալը տեղին չէ, նման գնահատական գոյություն չունի»,- ընդգծեց դեսպանը:
Նա հիշեցրեց օրերս ԵԱՀԿ ՄԽ տարածած հաղորդագրությունը, որում անդրադարձ էր կատարվել նաև ԼՂ-ում կայանալիք ընտրություններին: «Ուշի ուշով հետևում ենք ՄԽ գործունեությանը: Մասնավորապես խոսքը վերաբերում է այն որոշմանը, որը կայացրել է ՄԽ-ն, այն է` Ղարաբաղի ժողովուրդը իրավունք ունի որոշելու իր ապագան: Լեհաստանի կառավարության տեսանկյունից ԼՂ-ն մի տարածք է, որը իրավական կարգավիճակ չունի և չի համարվում պետություն»,- նշեց ՀՀ-ում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Եժի Նովակովսկին: