
Իրանն ու «Վեցնյակը» պաշտոնապես սկսել են ձևակերպել համաձայնագրի նախագիծը

Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ` Իրանն ու «Վեցնյակը» պաշտոնապես ձեռնամուխ են եղել իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրի նախագծի ձևակերպմանը: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Աբբաս Արաղչին.
«Դա կլինի բարդ աշխատանք: Համաձայնագրի սևագիրը լեցուն է լինելու վիճելի հարցերով, որոնց լուծումը կընդունվի ապագայում: Հուսով եմ, որ կողմերը պատրաստ կլինեն կազմել համապարփակ համաձայնագրի նախագիծը, որն իրենում կներառի բոլոր կետերը»:
Արաղչին այս հայտարարությունն արել է ԵՄ-ի դիվանագիտության ղեկավարի տեղակալ Հելգա Շմիդտի հետ եռօրյա բանակցությունների արդյունքներով: Շմիդտն ու Արաղչին որոշել են չբանակցել կիրակի և բանակցությունները շարունակել երկուշաբթի: Իրանն ու «Վեցնյակը» պլանավորել են միջուկային համաձայնագրի նախապատրաստությունն ավարտել մինչև հունիսի 30-ը: