Նոր խնդիրներ՝ կապված շրջանառության հարկի հետ
Շրջանառության հարկի հետ կապված խնդիրները նորից երևան են գալիս գալիս ըստ առանձին ապրանքախմբերի: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի նախագահ Հակոբ Ավագյանը:
ՀՀ կառավարությունն անցած նիստում հավանություն տվեց «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում լրացում կատարելու օրինագծին: Գործող օրենքով մայիսի 1-ից դրոշմապիտակով պետք է պիտակավորվեին վիտամինը, պատվաստանյութը, դեղը, օծանելիքը և այլ ապրանքներ, սակայն ՓՄՁ-ներին հնարավորություն է տրվել մինչև հունիսի 1-ն ապրանքներն իրացնել առանց դրոշմապիտակի՝ մինչև ՀՀ ֆինանսների նախարարությունը նոր կարգ սահմանի:
Հ.Ավագյանի խոսքով՝ ժամկետի հետաձգումը խնդրի լուծում չէ: Ըստ նրա՝ խնդիրն այն է, որ եթե գործարարները, օրինակ, մեկ տարի առաջ Թուրքիայից կամ Չինաստանից ապրանք են ներկրել կիլոգրամներով, որը մինչև հիմա չի իրացվել, իսկ դրոշմապիտակ չեն ստացել, և այժմ ռիսկը մնում է ձեռներեցի վրա: Ըստ նրա՝ ներկայումս դրոշմապիտակ տրվում է ներկրողներին և արտադրողին:
«Նույն շրջհարկի խնդիրն է, որ տարածվում է առանձին ապրանքների վրա: Սկզբում լոլիկի արտադրողները ոտքի ելան, բողոքեցին, այժմ օծանելիքի, կոսմետիկայի… Մի օր պե՞տք է հիմնովին լուծենք խնդիրը»,- ասաց Հ.Ավագյանը:
Նրա կարծիքով՝ լուծումը մաքսային սահմանի հարցն է, ապրանքները մաքսազերծվեն անվանական, ըստ տեսակների, և, հետևաբար, այդ դեպքում շրջհարկը օծանելիք կամ գյուղմթերք ներկրողի համար հստակ կլինի ու օրինական մաքսազերծման դեպքում էլ հայկական լոլիկը մրցունակ կդառնա ներկրվող թուրքականի հանդեպ: