Բաժիններ՝

«Հայարդ» ռոք խումբը երազում է ելույթ ունենալ Հրապարակում

Ապրիլի 30-ին «Հայարդ» հայկական ռոք խումբը մենահամերգով նշեց իր 5-ամյակը։ «Հայարդի» տղաները կատարեցին իրենց գործերից, ինչպես նաև նվագեցին հանրահայտ ռոք խմբերի՝ Pink Floyd, Metallica, Dream Theatre, Deep Purple երգերի քավրներ։ Հետաքրքիր էր, որ համերգին ներկա էր «Հայարդի» նախկին վոկալիստը՝ Սերգեյ Ամիրխանյանը, ով Մոսկվայից հատուկ այս համերգի համար եկել էր Երևան և համերգի վերջում բեմ բարձրացավ իր նախկին գործընկերների հետ։

168.am-ը զրուցեց խմբի կիթառահար և համահիմնադիր Անդրե Վարդանյանի հետ, ով նշեց, որ «Հայարդ» խմբի լավագույն համերգները հենց իրենց տարեդարձի համերգներն են լինում, և այս համերգը բացառություն չէր։ Իրենց հանդիսատեսին Անդրեն լավ է ճանաչում՝ հիմնականում տարիքով մեծեր են, այդ պատճառով էլ չեն «գոռգոռում» համերգի ընթացքում, սակայն ակտիվ արձագանքում են։ Ըստ Անդրեի՝ թեև խումբը նշում է իր 5-ամյակը, հաշվի առնելով խմբի անդամների փոփոխության հետ կապված դադարները, խումբն աշխատել է ընդհանուր առմամբ 3 տարի։ «Խումբը շատ դժվարությունների միջով է անցել, և այսօր եթե անգամ ես մենակ մնամ խմբում, մենակ էլ դուրս կգամ բեմ՝ նվագելու»,- ժպտալով նշեց Անդրեն։

Խմբի երազանքը Հանրապետության հրապարակում System of a down-ի համերգի պես մեծ բացօթյա համերգ տալն է։ «SOAD-ի համերգը դասի պես մի բան էր հայաստանյան ռոք երաժիշտներիս համար՝ դաս, թե ինչպես է պետք բեմում շարժվել, ինչպես պետք է խմբի անդամները սինքրոն աշխատեն»,- ասաց Անդրեն։

Խմբին ներկա էին շատ երաժիշտներ, ում հետ 168.am-ը նույնպես զրուցեց։ «Էմփիրեյ» ռոք խմբի վոկալիստ Սուրեն Պողոսովն ասաց, որ «գժվում է» «Հայարդ» խմբի համար, աշխատում է միշտ ներկա լինել նրանց համերգներին։ ««Հայարդին» մաղթում եմ այն, ինչ պետք է Հայաստանում բնակվող բոլոր երաժիշտներիս՝ կարողանալ գումար աշխատել՝ սիրելի երաժշտությամբ զբաղվելով»,- նշեց Սուրենը։ «Էմփիրեյի» մոտակա ծրագրերի մասին Սուրենն ասաց, որ շուտով պատրաստ կլինի խմբի՝ Ցեղասպանությանը նվիրված երգի տեսահոլովակը, և արդեն կսկսվի «Էմփիրեյի» համերգային գործունեությունը։

Կարդացեք նաև

Hayard (1)

Համերգին ներկա «Like in Syberia» խմբի բաս կիթառահար Արամ Հայրապետյանի կարծիքով՝ «Հայարդի» հեղինակային գործերը շատ լավն ու որակյալ են, և քավրները, որքանով էլ խումբը լավ է դրանք անում, չպետք է լինեն իրենց «մեխը»։  Քավրների վերաբերյալ Անդրե Վարդանյանն ունի իր յուրօրինակ կարծիքը. ««Հայարդը» մեծ համերգներին և փառատոներին կատարում է միմիայն իր հեղինակային գործերը, սակայն ակումբներում մենք կատարում ենք նաև քավրներ, քանի որ մեր ժողովուրդը գալիս է ակումբ՝ հանգստանալու, գարեջուր խմելու և պատրաստ չէ այդ պահին նոր երգեր լսել»։

Hayard (2)

Ինչ վերաբերում է «Like in Syberia» խմբին, հնարավոր է՝ այն մասնակցի մայիսի 31-ին Բաթումում կայանալիք փառատոնին. այս հարցը դեռևս քննարկվում է խմբի ներսում։

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս