«Մենք միասնաբար պետք է այնպիսի մի գետ ձևավորենք, որ այս ավգյան ախոռները մաքրվեն». Արամ Գ. Սարգսյան
Այսօր Շարլ Ազնավուրի անվան հրապարակում Սոցիալ-դեմոկրատ հնչակյան և Հայաստանի դեմոկրատական կուսակցությունները աշխատավորների համերաշխության միջազգային օրվա կապակցությամբ ցույց էին կազմակերպել՝ պահանջելով իշխանություններից «հարգել քաղաքացու իրավունքները՝ ապահովելով նրա բարեկեցիկ կյանքը»:
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գ. Սարգսյանը խոսեց Հայաստանում առկա բազում խնդիրների մասին և հայտարարեց, որ պետք է միավորվել և պայքարել այդ խնդիրների դեմ:
«Ես հիմա ուզում եմ հարց տալ՝ չե՞ք համարում, որ այս համակարգը, որի մեջ հիմա մենք կանք, իրեն բացարձակ սպառել է, համաձա՞յն եք, որ այս համակարգից պետք է ազատվել: Ուրեմն՝ նշանակում է մենք պետք է այդ համակարգը կազմաքանդենք և նոր համակարգ ձևավորենք: Դրա համար կա հետևյալ ձևը՝ մենք պետք է նոր 4-րդ Հայաստանի Հանրապետություն ձևավորենք: Դա նշանակում է, որ մենք նոր կանոնակարգ պետք է որոշենք, նոր կանոններ, որտեղ չպետք է լինի կոռուպցիան, չպետք է լինի այն թալանը, որը կա, չպետք է լինեն օլիգարխները, որովհետև մարդիկ, որոնք այսօր դարձել են միլիարդատեր կամ միլիոնատեր, չէին կարող միայն իրենց ազնիվ աշխատանքով դրան հասնեին»,- հայտարարեց Ա. Սարգսյանը՝ ընդգծելով, որ 4-րդ հանրապետություն հասկացության տակ իրենք դնում ենք ոչ թե սովորական սահմանադրական բարեփոխումները, այլ՝ նոր համակարգի ձևավորումը:
Նրա խոսքով՝ այն քաղաքական կուսակցությունները, որոնք գաղափարապես են միավորվում, նրանք իրավունք ունեն ներկայացնելու նոր համակարգային փոփոխություններ. «Որովեհտև նրանք, ովքեր եկել էին՝ փրկիչի դերում էին հանդես գալիս ձեր առջև՝ ասելով, որ մենք սեպտեմբերի 17-ին, ժամը 17-ին հեղափոխություն կանենք, դուք կարթնանաք նոր երկրում, դա ամբողջությամբ սուտ էր: Մենք պետք է հասկականք, որ քաղաքական պայքարի շնորհիվ մենք կարող ենք գնալ դեպի նոր Հայաստան»:
Ա. Սարգսյանը նշեց, որ իրենք շատ իրատեսական են համարում այս ամենը իրականացնելը, և միայն պետք է ժողովրդի միասնությունը. «Մենք միասնաբար պետք է այնպիսի մի գետ ձևավորենք, որ այս ավգյան ախոռները մաքրվեն: Մեր ժողովրդին հարիր չէ նման իրավիճակում ապրելը: Նոր քաղաքական ուժ, նոր ժողովրդական ալիք է պետք, և մենք այդ պայքարի համար պատարաստ ենք ձեզ հետ միասին գնալ: Ես կոչ եմ անում բոլորիս համախմբվել և գնալ դեպի նոր Հայաստան»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: