«Նեմցովը պատրաստվում էր հրապարակել զեկույց՝ Դոնբասում ՌԴ բանակի հանցագործությունների մասին». Ռ. Կարագյոզյան. ԳԱԼԱ
«Դարձյալ մի եղկելի արարք՝ չարի կայսրության գալիք անփառունակ վախճանն ազդարարող և նրան բնորոշ ևս մի ստոր ոճրագործություն»,- ՌԴ ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի սպանության փաստին այսպես արձագանքեց ՀՀ եւ Ուկրաինայի գրողների միության անդամ, հրապարակախոս Ռաիսա Կարագյոզյանը ԳԱԼԱ-ի հետ զրույցի ժամանակ:
«Իր մասշտաբայնությամբ, խիզախությամբ, ազնվությամբ, սրտաբացությամբ Նեմցովը միանգամայն անհամատեղելի էր Ռուսաստանի՝ ФСБ-КГБ-ական կառավարման վարչակարգին: Եվ ես միշտ զարմանում էի, թե ինչպե՞ս է Բորիս Նեմցովն ապրում, գործում Մոսկվայում: Ուկրաինայի դեմ Վլադիմիր Պուտինի սանձազերծած պատերազմը նա բացարձակորեն դատապարտում էր և բացահայտում այնպիսի մանրամասներ, որ ռուսական ФСБ -ն ամեն կերպ ջանում էր քողարկել: Երբեմն մտքովս անցնում էր, թե գուցե իսկապե՞ս ՌԴ-ում ինչ-որ ժողովրդավարություն կա: Նեմցովի սպանությունն ի դերև հանեց հույսի այդ հյուլեն»:
Ուկրաինայում բնակվող գրող եւ հրապարակախոս Ռ. Կարագյոզյանը համարում է, որ տեղի ունեցածը մեծ ողբերգություն է նախ եւ առաջ Ռուսաստանի համար, քանի որ Նեմցովն իր երկրի իսկական հայրենասերն էր, թեև հնարավոր է, որ նաեւ հակառակն ապացուցեն: Ըստ Ռ. Կարագյոզյանի՝ տեղի ունեցածը նաեւ Ուկրաինայի համար է ողբերգություն:
«Նեմցովն Ուկրաինայի մեծ բարեկամն էր: Երեկ այդ սպանության լուրն առնելով «Սավիկ Շուստեր live» թոք-շոուն դադարեցրեց իր եթերը: Ամենքը ցնցված են: Այդ սպանությունը ողջ ժողովրդավարական աշխարհի դեմ է: Դա նշան է, որ Պուտինի ռեժիմն այլևս ոչնչի առաջ կանգ չի առնում, որ նա անցել է ռուբիկոնը, քաղաքակրթված, խաղաղ, ստեղծագործ աշխարհը և փշալարային, գուլագյան-ստալինյան մտածելակերպով տոգորված իր և իրեն շրջապատող օլիգարխների միջավայրը բաժանող անջրպետը»:
Ռ. Կարագյոզանն անդրադարձավ նաեւ այն պնդումներին, թե եղածը պրովոկացիա է: Նրա կարծիքով, նման բան չկա, եւ սա նշանակում է խեղաթյուրել իրականությունը:
«Եթե նույնիսկ պրովոկացիա է, ապա ու՞մ կողմից: Դա ФСБ-ի հնարած հերյուրանքն է: Իբր ուկրաինուհի ոմն Աննա է եղել նրա հետ, որին անմիջապես տարել-թաքցրել է միլիցիան իբր հետաքննչական նպատակով: Եվ ինչու՞ են Նեմցովի բնակարանն անմիջապես խուզարկել, նաեւ համակարգիչն են զննել, փաստաթղթերը, գրությունները բռնագրավել հանգուցյալի դիակը դեռևս չսառած: Ասում են՝ Նեմցովը մոտակա օրերս պատրաստվում էր հրապարակել իր մեծ զեկույցն ուկրաինական Դոնբասում ՌԴ բանակի հանցագործությունների մասին: Ինչպես ասում են՝ «Զուտ ФСБ-ական սպանություն» է դա: Ոչ մի կասկած»:
Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում: