Հայկական քաղաքական օրակարգի ձևակերպում, ընդունում և իրագործում միացյալ հրապարակի առջև

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հայտարարությունը «Խորհրդարանական շաբաթ» հաղորդման շրջանակում:

«Քսանհինգ տարի է անցել մեր պատմական հայրենիքի մի փոքր մասում անկախ պետականության վերականգնման հռչակումից: Անկախության հռչակումը նպաստեց համահայկական գաղափարի ներքո համախմբվելուն, ինչի արդյունքը հայ ժողովրդի հաղթանակն էր իրեն պարտադրված պատերազմում:

Սակայն մեր հավաքական ուժին ավելին անել, Անկախություն հռչակելուց և պարտադրված պատերազմում հաղթանակ արձանագրելուց բացի, այս տարիների ընթացքում այդպես էլ չհաջողվեց:

Նոր ձևավորվող աշխարհակարգում հայ ժողովրդի ազգային անվտանգության ապահովման համար կարևորագույն անհրաժեշտություն է Հայկական քաղաքական օրակարգի ձևակերպումը, ընդունումը և իրագործումը, որը պետք է արմատականորեն տարբերվի այս 25 տարիների՝ երեք նախագահության սնանկ, գավառական, հետամնաց քաղաքական իրականությունից:

Հայ ժողովուրդը կրկին կարիք ունի հավաքական ուժի ներքո վերահաղթահարելու իրեն պարտադրված գաղափարաքաղաքական պատերազմը` հավատարիմ մնալով իր ազգային շահի հետապնդման գաղափարախոսությանը և օրակարգին:

«Ժառանգություն» կուսակցությունը, սպասարկելով իր կողմից ընդունված քաղաքական ծրագիրը, պատրաստ է և շարունակելու է ազգային եռագույնի ներքո կյանքի կոչել բովանդակ հայության պահանջն ու իղձերը:

Մեր ճանապարհը դժվար է, բայց անցանելի:

Ապացուցված է, որ ուժը նրա ձեռքում է, ով պայքարում է հանուն գաղափարի, իսկ հավաքական ուժը հնարավորություն է ընձեռնում հաղթանակի հասնել:

Վերանայելով անցյալի սխալները` հավաքական ուժի միջոցով պետք է ձևակերպենք Հայկական քաղաքական օրակարգը, ընդունենք այն և սկսենք իրագործել:

Ուրեմն, ի կատարումն Հայկական քաղաքական օրակարգի` Րաֆֆի Հովհաննիսյանի առաջնորդությամբ մենք միասին այցելելու ենք Հայաստանի բոլոր բնակավայրերը, և առաջիկայում, յուրաքանչյուր ուրբաթ օր, քաղաքական գործընթացների վերաբերյալ հանրությանը հաշվետվություն ենք ներկայացնելու Ազատության հրապարակում:

Մարտի 6-ին, ժամը 16:00-ին, Ազատության հրապարակում տեղի կունենա Րաֆֆի Հովհաննիսյանի և «Ժառանգություն» կուսակցության ամփոփ հաշվետվությունը»:

ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության լրատվական ծառայություն

 

Տեսանյութեր

Լրահոս