Պերմյակովի գործը շուտով կսկսի քննել ՌԴ Հյուսիս-Կովկասյան շրջանային ռազմական դատարանը. Պտիցին

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հյուսիս-Կովկասյան շրջանային ռազմական դատարանը մոտ ժամանակներս ձեռնամուխ կլինի քրեական մի շարք հնչեղ գործերի դիտարկմանը:

Այս մասին հայտարարել է դատարանի նախագահ Միխայիլ Պտիցինը, ըստ որի՝ այդ գործերի թվում են լինելու նաև այս տարվա հունվարի 12-ին Գյումրիում մեկ ընտանիքի սպանած ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի և 2013 թվականին Պյատիգորսկում իրականացված ահաբեկչութան գործերը:

Ընդգծվում է, որ Պերմյակովը ներկայումս գտնվում է Գյումրու ռուսական ռազմաբազայի հոսպիտալում, ուր անցնում է հոգեբանական-հոգեբուժական փորձաքննություն: Պտիցինի խոսքերով՝ ընդհանուր առմամբ իրենց սպասվում է 10-11 հնչեղ գործ, որոնց թվում են նաև Վլադիկավկազի քաղաքապետ Վիտալի Կարաևի ու Հյուսիսային Օսիայի փոխվարչապետ Կազբեկ Պագիևի սպանությունները:

Հյուսիս-Կովկասյան շրջանային ռազմական դատարանը դատական իշխանություն է իրականացնում Ռուսաստանի 15 սուբյեկտներում՝ Հարավային, Հյուսիս-Կովկասյան ու Ղրիմի դաշնային օկրուգներում, ինչպես նաև Հայաստանում, Աբխազիայում ու Հարավային Օսիայում տեղակայված երկրի զինված ուժերի զորամասերի ու ռազմական այլ մարմինների տարածքում:

Տեսանյութեր

Լրահոս