Նաիրա Կարապետյան. «Ժամանակն է հանել սև ակնոցները»

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Կարապետյանը հայտարարություն է տարածել, որում ասված է. « Ցանկանանք, թե չցանկանանք պետք է արձանագրենք մի շատ կարևոր ու բոլորիս համար մեծ նշանակություն ունեցող փաստ: Համացանցն ամբողջովին կլանել է հայ հասարակությանը և վերջինիս բազմաթիվ ներկայացուցիչների գործելու և, ինչու չէ՝ նաև կայանալու լայն հարթակ է ընձեռել: Եվ հենց դա է պատաճառը, որ մերօրյա այդ շերլոք հոլմսերը, նիկոլո մաքիավելիներն ու հենրի քիսիսնջերները իրենց բազմոցներին տաքուկ նստած կարծիքներ և քննադատական մեկնաբանություններ են թողնում և փնովում այնպիսի բաներ, որոնց մասին նրանք կարծիք են կազմել ամենաշատը պատշգամբից-պատշգամբ իրենց հարևանի հետ այդ թեմայի շուրջ երկրի արտաքին կամ ներքին քաղաքական գերակայությունները «քննարկելու» արդյունքում:

Եվ հենց այդ գիտուններն էլ առանց գիտակցելու, ցեխ շպրտելով մեր արտաքին քաղաքական գերատեսչության վրա, չեն հասկանում, որ դրանով նրանք թեկուզև ցեխաջուր, բայց այնուամենայնիվ, լցնում են, մեր ոչ «ամենամտերիմ» հարևանի ջրաղացին: Սակայն երբ տեսնում ես նմանատիպ զանազան մեկնաբանություններ և ապա հետևում, թե ինչն են նրանք քննադատում և փնովում գալիս ես այն համոզման, որ այդ մարդիկ կամ ինչ որ մեկի պատվերն են կատարում, կամ էլ նրանք ամենին սև ակնոցներով են նայում և թացը չորից այլևս չեն զանազանում,վատաբնում են ամենքին ու ամեն ինչին:

Նմանօրիանակ անհեթության վառ օրինակ է վերջին շրջանում մեծ արձագանք ստացած դիվերսանտների գործի հետ կապված համացանցային «մտքի տիտաննների» մեկնաբանությունները ուղղված առ Արտաքին գործերի նախարարությունը: Հետամուտ լինելով իրադարձությունների ամբողջ ընթացքին ու ՀՀ ԱԳՆ-ի կատարած բոլոր գործողություններին և հայտարարություններին դիվերսանտների գործի հետ կապված, գալիս ենք այն եզրահանգման, որ հերթական անգամ բարձրացված այս վայնասունը, որ ԱԳՆ-ն ադեկվատ չի արձագանքում դիվերսանտների հետ կապված իրադարձություններին, լրիվ զուրկ է տրամաբանությունից, և արվում է ոմանց կամ հենց իրենց շահերը սպասարկելու համար:

Եվ հենց ՀՀ Արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդյանի ելույթը Ազգային ժողովի հարց ու պատասխանի ժամանակ ցույց է տալիս քննադատների խոսքերի դատարկությունը: Մասնավորապես, արտգործնախարարը արձագանքելով, պատգամավորի՝ միջազգային հարթակում դիվերսանտների դատապարտմանն ուղղված ավելի ակտիվ քայլեր ձեռնարկելու հարցին, նշեց, որ Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչություններին մանրամասն ներկայացվել են դիվերսանտների հանցագործությունների վերաբերյալ բոլոր փաստարկները։ Նույնն արվել է նաև արտերկրում մեր դիվանագիտական ներկայացուցչությունների կողմից, և որ նաև համապատասխան հայտարարություններ են եղել։

Արտաքին քաղաքականության ոլորտի գլխավոր պատասխանտուի նման խոսքերը ապացուցում են այն պարզ իրողությունը, որ ՀՀ արտաքին հարաբերությունների, թե՛ կենտրոնական և թե՛ արտասահմանյան մարմինները ամբողջ ուժով լծվել են միջազջային հարթակում ադրբեջանցի դիվերսանտների գործողությունների մերկացմանը, դատապարտմանը և միջազգային հնչեղության ապահովմանը:

Դե իսկ եթե նմանատիպ համակարգված գործողություններից դժգոհ քննադատները ցանկանում են, որ ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունները Հանոյում, Կահիրեում կամ էլ, ասենք, Բուենոս-Այրեսում  որևէ պուրակի բարեկարգման համար միլիոնավոր դոլարներ ծախսեն և ապա այդ պուրակը նվիրեն ադրբեջանցի դիվերսանտների գործողությունների արդյունքում զոհված հայերի հիշատակին, ապա նման կերպ մտածողները պարզապես մոլորության մեջ են: Դա չէ իրական դիվանագիտությունը և այդ մեթոդներով չէ, որ հայ դիվանգետները պայքար են մղում միջազգային ամենատարբեր հարթակներում: Մենք՝ հայերս երբեք էլ չենք ունեցել նավթադոլարաների անսպառ կապոցներ, որոնց քանակից չիմանանք այն, ինչպե՞ս և ի՞նչ նպատակի ծառայեցնենք: ԱՍՏՎԱԾ մեզ շնորհել է ինտելեկտ և խելք, և դրանցով էլ մենք մեր պայքար  ենք մղում թե միջազգային հարթակներում և թե ամենուր»:

 

Տեսանյութեր

Լրահոս