Բաժիններ՝

«Մարտի 1-ը բացահայտված է վաղուց, մարդասպաններն էլ, հրաման տվողներն էլ են բացահայտված». Առաքել Սեմիրջյան

2008 թվականի մարտի 1-ի դեպքերի զոհերի ծնողներն այսօրվա ասուլիսի ժամանակ տեղեկացրեցին, որ իրենցից ոմանց մոտավորապես 2 շաբաթ առաջ կանչել են Հատուկ քննչական ծառայություն՝ նոր արձանագրություն կազմելու նպատակով, իսկ ոմանց էլ ծանուցագրեր են ուղարկել:

«Մարտի 1» հասարակական կազմակերպության համակարգող, գրող, հրապարակախոս Առաքել Սեմիրջյանի պատկերացմամբ՝ հիմա ՀՔԾ-ն փորձում է տեսակավորել հանցագործությունները, այսինքն՝ իրենք փորձել են տեսակավորել զոհվածներին՝ ըստ այն զենքերի, որոնցով սպանվել են.

«Գոռ Քլոյանը, Արմեն Ֆարմանյանը և Տիգրան Խաչատրյանը սպանվել են «չերյոմուխա 7» տեսակի զենքից, որը եղել է միայն ոստիկանների ձեռքում: Այստեղ ընդհանրապես բացահայտելու և քննարկելու խնդիր չկա, ինչպես նաև կան 4 զինվորականներ, որոնք կրակել են այդ զենքով, ուղղակի պետք պարզվի՝ այդ 4-ից ով է կրակել: Բայց դատ չի եղել, որ այդ դատի ընթացքում մենք փորձենք պարզել, թե այդ 4-ից ով է իրականում կրակել: Այնպես չէ, որ բացահայտված չէ, 4 մարդասպանը գոյություն ունեն: Ասում են՝ մենք փորձում ենք բացահայտել, դրա համար պետք է դատական պրոցես տեղի ունենա, դատ լինի, որի ընթացքում պարզվի՝ այդ 4-ից ով որտեղ է եղել, և եթե դատ եղավ, ամեն մեկն իր ցուցմունքը կտա, որ ես այս տեղում եմ գտնվել, այդ սպանությունն այստեղ է տեղի ունեցել, և ով է կրակել»:

Ըստ Ա. Սեմիրջյանի՝ այստեղ բացահայտելու խնդիր չկա, Մարտի 1-ը բացահայտված է վաղուց. «Մարդասպաններն էլ են բացահայտված, հրաման տվողներն էլ են բացահայտված, ամեն ինչ բացահայտված է: Աշխարհի պատմության մեջ չի եղել նման դեպք, որ հազարավոր ականատեսների ներկայությամբ տեղի ունենա սպանություն, և այդ սպանությունը չբացահայտվի: Հիմա իշխանություններն ասում են՝ միայն ցուցարարներն են եղել, նրանք չեն ուզում գան ցուցմունք տան, բայց ոչ միայն ցուցարարներն են մարտի 1-ին եղել, հազարավոր զինվորականներ են եղել, դրան գումարած՝ պատշգամբից նայող մարդիկ են եղել, հարյուրավոր ֆոտոներ և վիդեոներ գոյություն ունեն, այնպես չէ, որ մարդը ցանկանա ու չբացահայտի: Բացահայտված գործն ուղղակի պետք է հրապարակայնացվի, բայց դրանից հետո տեղի կունենա այն, ինչ մենք գիտենք, որովհետև, եթե իրենք հայտարարեն, թե դա ինչ է, հնարավոր է, որ այսօր իշխանության մեջ որևէ մեկն անմասն մնացած չլինի այս հանցագործություններից»:

Հարցին՝ Մարտի 1-ից հետո այդ վկաները, որոնց մասին նշում եք, գնացի՞ն Դատախազություն ցուցմունք տալու, Ա. Սեմիրջյանն այսպես պատասխանեց.

«Մարտի 1-ի գործերը 42 հատոր են, Հայաստանում երևի շատ քիչ մարդ լինի, որ կարդացած լինեն, ես կարդացել եմ այդ ամբողջ հատորները:

Դուք մոռանում եք, որ բացի 10 զոհերից՝ կա 500 վիրավոր, այդ 500 վիրավորը ցուցմունք են տվել, և այդ 500 վիրավորը նշել են, որ իրենց վրա կրակել են, մինչև վերջ պնդել են, որ իրենք տեսել են՝ ովքեր են իրենց վրա կրակել: Հնարավոր է, որ այդ նույն կրակողներն են եղել, բայց որևէ քննություն չի սկսվել դրանից հետո: Այսինքն՝ Դատախազությունը չպետք է սպասի, որ մարդը գա՝ ցուցմունք տա, եթե տեսնում է վիդեոյի մեջ, որ ոստիկանը կրակում է ցուցարարի վրա, պետք է ըստ դրա գործ հարուցվի»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս