Ուկրաինան պետք է պահպանի ոչ բլոկային կարգավիճակը. Լավրով
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր Մոսկվայում հայտարարել է, որ Ուկրաինան պետք է պահպանի ոչ բլոկային կարգավիճակը՝ թույլ չտալու համար երկրի պառակտում և նպաստելու համար եվրաատլանտյան տարածաշրջանում կայունության և վստահելի մթնոլորտի առկայությանը:
Դիվանագիտական ակադեմիայում կարդացած դասախոսության ժամանակ Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ մինսկյան պայմանավորվածությունների շնորհիվ առաջացրել է Ուկրաինայի արևելքում արյունահեղության դադարեցման իրական հնարավորություն:
Լավրովը համոզվածություն է հայտնել, որ եթե պահպանվեն փետվարի 12-ին Մինսկում ձեռք բերված պայմանավորվածությունները, ապա իրավիճակն աստիճանաբար, սակայն անշեղորեն կկարգավորվի: Լավրովը ողջունել է ծար սպառազինությունը հետ քաշելու մասին ուկրաինական կողմի հայտարարությունները՝ ընդգծելով, որ պետք է ամրապնդել այդ գործընթացը:
Անդրադառնալով նախորդ տարվա հուլիսին Ուկրաինայի արևելքում Malaysia Airlines-ի Boeing օդանավի կործանման խնդրին՝ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը շարունակում է մնալ այն փոքրաթիվ երկրներից մեկը, որոնք ձգտում են հասնել այդ ավիաաղետի թափանցիկ հետաքննմանը:
Լավրովը նկատել է, որ ցայժմ չեն ներկայացվել այդ օդանավի օդաչուների հետ ուկրաինացի դիսպետչերների բանակցությունների ձայնագրությունները, ցայժմ չեն ներկայացվել արբանյակային լուսանկարները, որոնք ունեն ամերիկացիները, ինչպես նաև չեն ներկայացվել այդ ժամանակ տվյալ տարածաշրջանում թռիչքներ գործած AWACS հետախուզական ինքնաթիռների կատարած լուսանկարները:
Հիշեցնենք, որ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ոչ բլոկային կարգավիճակից Ուկրաինայի հրաժարվելու մասին օրենքը ստորագրել է նախորդ տարեվերջին: