Բաժիններ՝

Պուտինը երազում է ԱՄՆ-ի հետ պայմանավորվել նոր աշխարհակարգի շուրջ. Խոդորկովսկի

BBC-ի փոխանցմամբ՝ «ՅՈՒԿՕՍ» ընկերության նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկին ելույթ է ունեցել Լոնդոնում գտնվող Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտում, որը հայտնի է նաև Chatham House անվանմամբ:

Խոդորկովսկու ելույթը տեղի է ունցել ամենամյա ռուսական դասախոսության շրջանակներում, որն անվանվել է «Ռուսաստանը Պուտինի ժամանակ և հետո»: Դա հանդիսացել է ավելի քան մեկ տարի առաջ ազատության մեջ հայտնվելուց հետո Խոդորկովսկու առաջին հրապարակավ ելույթը Լոնդոնում.

«Ինչքան էլ որ փորձեն մեզ ցույց տալ հեռուստաքարոզչությունն ու PR-ի գծով կրեմլյան մասնագետները, միևնույն է՝ Պուտինը սուպերմեն չէ, և նա արդեն հաստատապես պատմության մեջ չի մտնի որպես հերոս: Հեռուստաէկրանին նա կարող է պայքարել արջերի դեմ, թռչել չվող թռչունների հետ և վագրեր որսալ, սակայն դա համատարած երևակայություն է: Մերկ իրանով Պուտինը ոչ թե ուժեղ առաջնորդ է, այլ՝ տկլոր թագավոր»:

Խոդորկովսկու խոսքերով՝ Ռուսաստանի այսօրվա քաղաքական կուրսը, որը կանխորոշել է Պուտինը, աճող մտահոգություն է առաջացնում ռուսական բիզնեսի և իշխող էլիտայի մոտ՝ ներառյալ նրա բարյացակամ կողմնակիցները. «Ակնհայտ է, որ Պուտինի համար վրա է հասել աշունը: Սակայն այդ աշունը կարող է տևել շատ երկար:

Մարման գործընթացը շատ ցավագին կլինի Ռուսաստանի քաղաքացիների համար և վտանգավոր կլինի միջազգային անվտանգության համար: Ռուսաստանը դեռ բավական երկար պետք է կանգնի հիվանդ կայսեր անկողնու մոտ՝ սարսափած հետևելով ռեժիմի հոգեվարքին»:

Խոդորկովսկին համոզված է, որ Պուտինը երազում է ԱՄՆ-ի հետ պայմանավորվել նոր աշխարհակարգի շուրջ, որը նման կլիներ «Սառը պատերազմի» ժամանակվա աշխարհակարգին: Խոդորկովսկին կարծում է, որ Պուտինի քաղաքական փիլիսոփայությունը խորթ է ժամանակակից աշխարհին և երբևէ ըմբռնման չի արժանանա համաշխարհային առաջնորդների մոտ:

Խոդորկովսկին հայտարարել է, որ Ռուսաստանի ներկայիս իշխանություններին ձեռնտու է նավթից ու գազից ռուսաստանցիների լիակատար կախվածության մեջ լինելու մասին միֆը: Խոդորկովսկին ընդգծել է, որ նավթագազային սեկտորը կազմում է ռուսական ՀՆԱ-ի միայն 20 տոկոսը, իսկ մնացյալ հարստությունը ստեղծում են սովորական մարդիկ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս