Բաժիններ՝

Նիկոլ Փաշինյան. «Թող պարոն Ֆարմանյանն ասի՝ իր որդու կամ Մարտի 1-ի որևէ զոհի գերեզմանում քանի՞ անգամ է եղել Լևոն Տեր-Պետրոսյանը»

ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ինձ համար ամենաեղկելի բանն այն է, որ ձեզ հայտնի մարդիկ փորձում են Մարտի 1-ի զոհերի ծնողներին տրամադրել իմ դեմ, նրանց հավատացնելով, որ ես, օրինակ, Մարտի 1-ի հարցը չեմ բարձրացնում:

Սա այն դեպքում, երբ ընդամենը մի քանի օր առաջ ԱԺ օրակարգ էի փորձում մտցնել մի նախագիծ, որի առաջին կետում որպես Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու թիվ 1 հիմք նշվում է Մարտի 1-ի ոճրագործությունը, սպանությունների կոծկումը եւ որին դեմ արտահայտվեցին Հայ ազգային կոնգրեսի պատգամավորները:

Հայ ազգային կոնգրես կուսակցության ղեկավարները, որ մարտիմեկյան ոճրագործների հետ մեղրամիս էին ապրում, մարդասպաններին ինդուլգենցիաներ բաժանում՝ որոշել են իրենց կենսագրությունը մոռացությա՞ն մատնել Մարտի 1-ի մասին հանկարծ վերհիշելո՞վ:

Գլուխ եմ խոնարհում Մարտի 1-ի զոհերի, նրանց ծնողների ու զավակների առաջ: Գլուխ եմ խոնարհում Վաչագան Ֆարմանյանի եւ նրա զոհված որդու առաջ:
Կարծում եմ ճիշտ չէ հաշվարկի մեջ մտնելը, թե ում գերեզմանում քանի անգամ եմ եղել: Բայց եթե սա է չափանիշը, թող պարոն Ֆարմանյանն ասի՝ իր որդու կամ Մարտի 1-ի որեւէ զոհի գերեզմանում քանի՞ անգամ է եղել ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը:

Նախորդ Մարտի 1-ից հետո ունեցած ելույթներում, հոդվածներում, հարցազրույցներում քանի՞ անգամ է Մարտի 1-ի մասին հիշել Լեւոն Տեր-Պետրոսյանը:
Հարկ եմ համարում նաեւ ընգծել՝ Հայ ազգային կոնգրեսի եւ անձամբ նրա ղեկավարի կողմից կազմակերպվող բերիական ոճի այս հարձակումները ընդամենը կարեկցանք են առաջացնում՝ ուրիշների ետեւում թաքնվելու շարունակական եւ երկչոտ գործելակերպի կապակցությամբ»:

Հիշեցնենք, որ այսօրվա ասուլիսում մարտի 1-ի զոհ Արմեն Ֆարմանյանի հայրը՝ Վաչագան Ֆարմանյանը, հայտարարել է. «Ոչ բոլորն են մարտի 1-ի համար պայքարում Հայ ազգային կոնգրեսից, որից մի քանի հոգի անջատվեցին: Ես կարող եմ անունենրը տալ՝ ո՛չ վախենում եմ, ո՛չ էլ ամաչում: Մինչև հիմա իմ տղայի՝ Արմենի գերեզմանի, տան տեղը չգիտեն՝ հանձինս Նիկոլ Փաշինյանի, Ալեքսանդր Արզումանյանի: Ես շատ խիստ վրդդովված եմ: Ի՞նչն է պատճառը, թող ինձ բացատրի, մի պատճառ պետք է ունենա, չէ՞: Այսքան տարի նա դեպուտատ է, ես նրանից լավ բան չեմ լսել: Մեզ մոտ նման բան կա՝ ծնունդ ենք նշում, էսա մարտի 1 է գալիս, գնալու ենք գերեզմաններ, ոչ մի անգամ, առաջին 2 տարին մի երկու բան գրում էին թերթում, բայց հիմա ընդհանրապես ոչինչ չկա: Ի՞նչ է պատճառը, ես ուզում եմ իմանալ, իրենցից լսեմ, թող գան արտահայտվեն:

Ինձ մոտ տպավորություն ը իրենց հանդեպ այդպիսին է: Այդպես անձնավորություններ մեր պատլամենտում շատ են եղել՝ Շավարշ Քոչարյան, Սադոյան… Իրենց պետք էր մտել Ազգային ժողով, մտան, բայց ումո՞վ մտան, իմ որդու արյունով չմտնեն այնտեղ Ազգային ժողով ու իրենց անելիքն անեն: Ինձ հետաքրքրում էր, որ ինքը մինչև վերջ կանգնած լիներ մեր՝ ծնողներիս կողքին: Ես չեմ տեսնում, կարող է ինչ-որ ծնողի կողքին կանգնել է, բայց ես չեմ տեսել»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս