Գարիբաշվիլին Ժան Կլոդ Յունկերին ու Ֆեդերիկա Մողերինիին հրավիրել է Վրաստան
Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին իր մեկօրյա բրյուսելյան այցի շրջանակներում երեկ հանդիպումներ է ունեցել ԵՄ-ի նոր ղեկավարության՝ Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերի ու ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մողերինիի հետ:
Այդ հանդիպումների ժամանակ Գարիբաշվիլին նրանց հրավիրել է Վրաստան: Հանդիպումներում քննարկվել են Վրաստանի ու ԵՄ-ի միջև համագործակցության այժմեական հարցերի լայն շրջանակ, ինչպես նաև այն բարեփոխումները, որոնք երկրի իշխանություններն իրականացնում են տնտեսական ու ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման նպատակով:
Գարիբաշվիլին արդյունավետ է համարել Բրյուսելում ԵՄ-ի ղեկավարության հետ իր բանակցությունները՝ ընդգծելով, որ ԵՄ-ն ամուր աջակցում է Վրաստանին. «Մենք ունենք հավակնություններ ու մոտիվացիա, որպեսզի Վրաստանն իսկապես հաջողության օրինակ դառնա ողջ տարածաշրջանի համար: Մենք ընթանում ենք ճիշտ ճանապարհով: Մեր հաջողությունը կլինի նաև ԵՄ-ի հաջողությունը»: