Բաժիններ՝

Երեմ Սարգսյանն Ավետիսյանների սպանության գործով հայտարարություն է տարածել

Փաստաբան Երեմ Սարգսյանը Facebook-ի իր էջում հայտարարություն է տարածել Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության վերաբերյալ քրեական գործով։

«Հաշվի առնելով սույն թվականի հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների դաժան սպանության դեպքի հասարակական հնչեղությունը և դրանից հետո լրատվական տարբեր միջոցներով բազմիցս տարածված այն տեղեկատվությունը, որ բազմաթիվ այլ փաստաբաններ նույնպես պատրաստ են այս քրեական գործի շրջանակներում անվճար ներկայացնել տուժողների իրավահաջորդների շահերը, դեռևս փետրվարի 14-ին Գյումրի կատարած այցի ժամանակ տուժողների իրավահաջորդների հետ քննարկումների արդյունքում հանգել ենք այն համոզմունքին, որ ցանկալի է, որպեսզի սույն քրեական գործով տուժողների իրավահաջորդների շահերի ներկայացուցչությունն իրականացվի փաստաբանական խմբի կողմից:

Վերը նշվածից ելնելով`տուժողների իրավահաջորդներ Լուսինե Ավետիսյանը, Անահիտ Կոշտոյանը և Եգոր Ադամյանը ՀՀ-ում գործող քրեական մասնագիտացմամբ բոլոր այն փաստաբաններին, ովքեր պատրաստ են նույնպես անվճար հիմունքներով սույն քրեական գործի քննության ընթացքում ներկայացնել իրենց շահերը,առաջարկում են 077-50-35-17 և 093-38-35-98 հեռախոսահամարներով կապ հաստատել իրենց հետ` հետագա քննարկումների և համաձայնություն ձեռք բերելու համար»,- ֆեյսբուքյան իր էջում նշել է Երեմ Սարգսյանը:

Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի 12-ին՝ վաղ առավոտյան, ժամը 06:00-ի սահմաններում, նրանց մահը վրա է հասել հրազենային վնասվածքներից։ Ավետիսյանների ընտանիքից ողջ էր մնացել 6 ամսական փոքրիկը՝ Սերյոժա Արմենի Ավետիսյանը, ով կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքներով տեղափոխվել էր բժշկական կենտրոն, այնուհետև` յոթ օր հետո մահացել: Նշանակվել էին դատաբժշկական, դատատոքսիկոքիմիական, դատաձգաբանական փորձաքննություններ: Կասկածյալին ռուս սահմանապահները հայտնաբերել են հայ-թուրքական սահմանը հատելու փորձ կատարելիս եւ հանձնել 102-րդ ռուսական բազայի հրամանատարությանը:

Քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (երկու և ավելի անձանց սպանությունը): Վալերի Պերմյակովին քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, և ՀՀ քննչական կոմիտեի քննիչները Վալերի Պերմյակովին մեղադրանք են առաջադրել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ երկու եւ ավելի անձանց դիտավորյալ սպանության համար: Վալերի Պերմյակովն ընդունել է առաջադրված մեղադրանքը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս