Բաժիններ՝

Պուտինի վերջնական նպատակն ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն ոչնչացնելն է. Սաակաշվիլի

Fox News-ին տված հարցազրույցի ժամանակ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ ԱՄՆ-ը, ով Եվրոպայում հաղթել է «3 համաշխարհային պատերազմ»՝ ներառյալ «Սառը պատերազմը», պետք է արագորեն սպառազինի Ուկրաինային, այլապես ռուսական տանկերը շուտով կմտնեն Եվրոպա:

Սաակաշվիլին ընդգծել է, որ Պուտինին ոչինչ չի կարող կանգնեցնել, քանի որ նրա վերջնական նպատակն ԱՄՆ-ը ոչնչացնելն է. «Ներկայիս իրավիճակն ինձ հիշեցնում է Աֆղանստանը: Ես դեժավյու եմ ապրում: Այն ժամանակ նույնպես նավթի ցածր գներ էին, Խորհրդային միությունը պարտվեց տնտեսական ճակատում:

Սակայն միայն այն բանից հետո, ինչ Ռոնալդ Ռեյգանն ու Չառլզ Ուիլսոնն աֆղան ապստամբներին տվեցին շարժական զենիթա-հրթիռային համալիրներ, սկիզբ դրվեց խորհրդային կայսրության կործանմանը»:

Սաակաշվիլու խոսքերով՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ու նրա վարչակազմը լավ աշխատել են՝ եվրոպական երկրներին հարկադրելով պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ. «Սակայն ներկայումս Ուկրաինային անհրաժեշտ է ավելին, քան պատժամիջոցներն են, այն է՝ հակատանկային զենք, բարձրորակ ռադիոտեղորոշիչ համակարգեր ու անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ):

Իմաստն այն է, որ քանի որ ուկրաինացիներն իրենց կյանքի գնով պաշտպանում են արևմտյան արժեքները, ուստի Արևմուտքն էլ իր հերթին պետք է պաշտպանի նրանց: Ուկրաինան չի կարող հակատանկային այդ զենքով հարձակվել Ռուսաստանի վրա: Նրանք չեն կարող հրետանու հայտնաբերման ռադիոտեղորոշիչ կայաններով ու հետախուզական ԱԹՍ-երով ներխուժել Ռուսաստան:

Սակայն նրանք կարող են զսպել ռուսական զորքերի առաջխաղացումը: Ռուսական ներխուժման հեռանկարն ավելի քան իրատեսական է: Պուտինը ցանկանում է գրավել Ուկրաինայի ողջ հարավն ու հասնել Մոլդովա, իսկ հետո հեղաշրջում կամ խոշոր անկարգություններ կազմակերպել Կիևում:

Եվ բնականաբար, Պուտինը նայում է Բալթյան երկրների ուղղությամբ, քանի որ ցանկանում է սպանել ՆԱՏՕ-ին: Նրա վերջնական նպատակն ԱՄՆ-ն է և Ամերիկան: Անկասկած է, որ անհրաժեշտ է արձագանքել դրան»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս