Իրենց փող սիրելու արդյունքում է, որ մարդիկ անցնում են փայտ վառելու. Արամ Մանուկյան
Այսօր Ազգային ժողովում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ)՝ 2015թ. գործունեության ծրագրի քննարկման ժամանակ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը հայտարարեց, որ նախկինի համեմատ սպառողների թվի 6 անգամ ավելացումը նաև սպառումն է ավելացրել ու, հետևաբար, շահույթը:
Նա նշեց, որ նաև համակարգին միացման համար բնակիչները 300 դոլար են վճարում: «Իրենց փող սիրելու արդյունքում է, որ այժմ սպառողների քանակը նվազում է և մարդիկ անցնում են փայտ վառելու»,- ասաց Մանուկյանը: Նա նշեց, որ 10 տարի առաջ սահմանին գազի գնի և սպառողին վաճառքի գնի տարբերությունը 50-60 դոլարից այսօր դարձել է 200 դոլար մեկ սպառողի համար: Ըստ Մանուկյանի՝ սա հիմնավորված չէ:
Ա.Մանուկյանի խոսքով՝ եթե իրավաբանական անձը սպառել է 10000 խմ գազ, տեսուչը կիրառում է 1.3 գործակից, ինչը հիմնավորող ոչ մի փաստաթուղթ չկա: Ըստ նրա՝ «փող ուտելու տարբերակը» այսպես կարող է հասնել մինչև վառած գազի 50%:
Պատգամավորի կարծիքով՝ քաղաքացիների գրպանին «խփում» է նաև մասսայական գազաֆիկացման քարտեզը, որ թվում է, թե աշխարհում առաջինն ենք, լավ է, բայց ամենամեծ գործոնն է, որ ազդում է սակագնի վրա: Մինչդեռ, ինչպես նշեց Ա. Մանուկյանը, ներդրումների մեջ գյուղական համայնքներում գյուղացուն հասցնող մասը մոտ 2% է կազմում: «Կորուստների հետ կապված ամենամեծ խնդիրն է, որ անընդհատ ներդրում անելով ոչ մի տասնորդականով չեն պակասում կորուստները»,- հավելեց Մանուկյանը:
ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը տեղեկացրեց, որ պայմանավորվածություն կա, որ իրավաբանական անձանց հաշվիչները փոխվեն «Գազպրոմ Արմենիայի» հաշվին, որպեսզի այդ գործակցի խնդիրը դուրս գա: