«Ասենք՝ կուսակցական հրահանգ եք ստացել, ո՞նց կարող եք բոլորդ խփել Գագիկ Ծառուկյանին». Աշոտ Մանուչարյան
Ղարաբաղ կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանն այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց, թե վերջին 15 տարիների ընթացքում Հայաստանում գոյություն է ունեցել Սերժ Սարգսյան-Ռոբերտ Քոչարյան տանդեմը, որն այսօր վերանում է, քանի որ Ռոբերտ Քոչարյանի հիմնական լծակներից մեկը՝ «Բարգավաճ Հայաստանը», ոչնչացվում է: Ըստ նրա՝ այս տարիների ընթացքում «Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը բաժանել էին իրար մեջ աշխարհաքաղաքական ուղղությունները, որ պետք է սպասարկեին, բացի այդ, մեկին պատկանում էր իշխանությունը, մյուսին՝ ընդդիմությունը»:
168.am-ն Աշոտ Մանուչարյանից հետաքրքրվեց՝ արդյոք բոլոր ընդդիմադիր ուժերի՞ն նկատի ունի Աշոտ Մանուչարյանը՝ ասելով, թե ընդդիմությունը պատկանում էր Ռոբերտ Քոչարյանին: Ի պատասխան՝ նա ասաց՝ ոչ բոլորին, միայն «Բարգավաճ Հայաստանին», որը համարվում է քաղաքական երկրորդ ուժը Հայաստանում, իսկ մնացած ուժերն ավելի թույլ են:
Ըստ Ա. Մանուչարյանի՝ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իշխանությունների կիրառած մեթոդը Հայաստանը կանգնեցրեց բախումների եզրին. «Ասենք՝ կուսակցական հրահանգ եք ստացել, ո՞նց կարող եք բոլորդ խփել նրան: Այդ մարդիկ, որ կազմակերպել էին Ծառուկյանի ոչնչացման շոուն, պետք է հասկանան, որ դրանով նրան բարձրացնում են: Ում խփում են, նա էլ հնարավորություն չունի պատասխան տալու, համակրանքն անցնում է նրա կողմը: Այնպես որ, Ծառուկյան անձնավորությունը՝ ոչ քաղաքական գործիչը, այդ իմաստով, կարող է՝ անգամ շահեց այս գործողություններից»:
Ա. Մանուչարյանը կարծում է՝ ժողովուրդը վհատվեց այս գործընթացների արդյունքում, քանի որ նրանք Գ.Ծառուկյանին ելք էին համարում. «Այդ մարդիկ կորցրեցին իրենց հույսը, սա սարսափելի բան է, իշխող շրջանակը, եթե երկրի շրջանակ է, նա պարտավոր է ժողովրդին հույսի տարածքում միշտ պահել, եթե հույսը ձեռքից խլում են, մի բան ավելին պետք է տան: Հանրապետական կուսակցությունն այդ իմաստով բացարձակ հանցագործություն կատարեց:
Լավն այն է, որ մեր ժողովուրդն ավելի իմաստուն դարձավ: Այդ իմաստով՝ բոլոր կուսակցությունները, որոնք բացարձակ փողի դաշտում չեն, այսօր փայլուն հնարավորություն ունեն՝ այդ բոլոր ՀԱԿ-երը, Նիկոլ Փաշինյանները, Ժիրայր Սէֆիլյանները և այլն: Նրանք կարող են միասնական ծրագրով հանդես գալ»:
Մանրամասները՝ տեսանյութում: