ՌԴ-ն ունի որոշակի ռեսուրսներ, բայց անիմաստ է դրանք ծախսել ինտեգրացիոն պրոյեկտների վրա, քանի որ դրանց ապագան վտանգված է. Սիմոնով

«Եվրասիական ինտեգրացիոն պրոյեկտների ապագան լուրջ վտանգի տակ է»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Ռուսաստանի «Ազգային էներգետիկ անվտանգության հիմնադրամի» հիմնադիր և գլխավոր տնօրեն, տնտեսական և քաղաքական վերլուծաբան Կոնստանտին Սիմոնովն` անդրադառնալով ՌԴ տնտեսական վիճակին ու Եվրասիական ինտեգրացիոն պրոյեկտներին:

Նա նշեց, որ համաձայն է այն կարծիքների հետ, թե տնտեսական ոլորտում Ռուսաստանի Դաշնությունում դրությունը պարզ և հեշտ չէ, սակայն ես չէր փորձի թաղել տնտեսական ինտեգրացիոն պրոյեկտներն այս դժվարությունների ֆոնին, քանի որ կան առաջնայնություններ: Ըստ նրա, այո, Ռուսաստանում կան տնտեսական դժվարությունները, սակայն դա չի նշանակում, որ Ռուսաստանի ռեսուրսները վերջացել են և Ռուսաստանը թևակոխել է տոտալ սովի մի հազարամյակ: Բարեբախտաբար, նրա գնահատմամբ, իրավիճակը հեռու է նման բացասական կանխատեսումներից:

«Տնտեսական ճգնաժամը պատճառ է, որպեսզի կրճատվեն ավելորդ շռայլ ծախսերը: Այս իմաստով մի մշտական հարց կա անհանգստացնող` արդյոք տնտեսապես արդյունավե՞տ է «վճարել» քաղաքական գործիչներին Ռուսաստանին նվիրվածության համար: Գաղտնիք չէ, որ ինտեգրացիոն պրոյեկտները ձեռնտու են մեր հարևաններին հետսովետական տարածքում, բայց ձեռնտու չեն Ռուսաստանին տնտեսապես և երբ ճգնաժամ է առաջանում, բնականաբար, հարց է առաջանում, թե կարո՞ղ ենք մենք մեզ այս շռայլությունը թույլ տալ, կամ այն մեկը, դա պե՞տք է, թե՞ ոչ:

Այսինքն` կան որոշակի ռեսուրսներ, բայց պե՞տք է արդյոք դրանք ծախսել ինտեգրացիոն գործընթացների վրա այն մասշտաբով, ինչ պլանավորվել էր: Սա բավականին լուրջ հարց է, որն այս պահին առկա է և մտահոգում է բոլորին, քանի որ այդ ինտեգրացիայի ազդեցությունը, էֆեկտը Ռուսաստանի համար միանշանակ չէ: Բայց Հայաստանի անդամակցության դեպքում ևս մի շարք լուրջ հարցեր կան: Եթե Հայաստանն ընդհանուր սահման չունի Ռուսաստանի հետ, ապա ինչո՞ւմն է մաքսային միութան արդյունավետությունը Հայաստանի համար: Սա թուլացնում է այդ անդամակցութան ազդեցությունը»,- մեկնաբանեց Սիմոնովը:

Նրա խոսքով, Եվրասիական տնտեսական միությունում այլ բացասական գործոններ ևս նկատելի են: «Օրինակ` տեսեք, թե ինչպես է իրեն դրսևորում Լուկաշենկոն: Նա ակնհայտորեն օգտագորրծում է Ռուսաստանի տնտեսական ճգնաժամը, որպեսզի ևս մեկ անգամ խաղա Արևմուտք-Ռուսաստան հարաբերություններում առկա խնդիրներից շահելու իր սիրելի խաղը: Նա իրեն զգում է ինչպես ձուկը ջրում: Բայց մենք կարո՞ղ ենք Լուկաշենկոյին համարել տնտեսական լավ գործընկեր, ով անկեղծ է խաղալու: Իհարկե, ոչ և մենք նրա ձեռքը բռնեցինք: Ղազախստանի դեպքում նույնն է, ռուբլու արժեզրկումիկց հետո Ղազարստանը փակեց սահմանն ընդհանուր տարածքի պայմաններում: Այսինքն` մենք տեսնում ենք, որ ոչ բոլոր մեր գործընկերներն են անկեղծ մեզ հետ»,- ասաց Սիմոնովը` հավելելով, որ այս բոլոր գործոնները կասկածի տակ են դնում այդ պրոյեկտների ապագան և դրանց վրա ռեսուրսներ ծախսելու նպատակահարմարությունը:

Կոնստանտին Սիմոնովի հետ ամբողջական հարցազրույցը կարող եք կարդալ ավելի ուշ:

Տեսանյութեր

Լրահոս