Ռուսաստանում գործատուներն օտարազգիներին աշխատանքի տեղավորելու մասին պետք է իրազեկեն ԴՄԾ-ին
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` գործատուն պարտավոր է աշխատանքային երեք օրվա ընթացքում Դաշնային միգրացիոն ծառայության մարմիններին իրազեկել օտարազգիների հետ աշխատանքային պայմանագիր կնքելու մասին:
Այս մասին հայտարարել է Դաշնային միգրացիոն ծառայության ներկայացուցիչ Ռաիսա Լոմաչինսկայան: Նա ընդգծել է, որ հակառակ դեպքում իրավաբանական անձը կարող է ենթարկվել վարչական տույժի` համաձայն Ռուսաստանի օրենսդրության:
Նա հավելել է, որ գործատուն պարտավոր է իրազեկել նաև այն օտարազգիներին աշխատանքի ընդունելու մասին, որոնք Ռուսաստան ժամանել են Հայաստանից, Ղազախստանից կամ Բելառուսից:
Միակ տարբերությունն այն է, որ այդ երկրների բնակիչները կարող են աշխատանքային գործունեություն ծավալել առանց աշխատանքային արտոնագրի, քանի որ Հայաստանի, Ղազախստանի ու Բելառուսի հետ ստորագրվել են աշխատանքային ներգաղթյալների մասին միջազգային համաձայնագրեր: