Գալուստ Սահակյան. «Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քաղաքական ճնշումներ չեն գործադրվում»
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն իր բացակայությունների վերաբերյալ անձամբ հիմնավորումներ չի ներկայացրել: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:
«Ուսումնասիրվել է Ազգային ժողովի ընդհանրապես բացակայությունների խնդիրը, հարցն իրավական տեսքի է բերվել, լրիվ հիմնավորումները կան: Լրացուցիչ տեղեկանքներ եմ ուզել, կարծում եմ, որ ժամանակին՝ պատշաճ կերպով, այդ խնդիրը կլուծվի»,- ասաց նա:
Գ. Սահակյանը խուափեց պատասխանել հարցին, թե նախկինում հարգելի համարված բացակաների հիման վրա ինչպե՞ս են զրկելու մանդատից ու նշեց, որ երբ գործառույթը կատարեն, կտեղեկացնեն բոլորին. «Այս պահին ես չեմ կարող որևէ բան ասել այդ ուղղությամբ, որովհետև դեռևս վերջնական որոշում չենք կայացրել»:
Սահակյանը հրաժարվեց պատասխանել, թե ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպման ժամանակ ու խորհուրդ տվեց այդ հարցով դիմել կողմերից մեկին: Հարկային ստուգումների վերաբերյալ Գ. Սահակյանը նշեց, թե ոչ ԱԺ նախագահը և ոչ էլ ՀՀԿ-ն ստուգող չեն. «Նույնը ես կարող եմ ձեզ հարցնել՝ դուք պեղելո՞ւ եք, հետաքննություն կատարելո՞ւ եք, թե՞ ոչ»:
«Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քաղաքական ճնշումներ չեն գործադրվում: Սա քաղաքական իրավիճակներից բխող մոտեցում է, կարծում եմ, որ ճնշող-ճնշվող խնդիր չի լինի, առավել ևս՝ ոչ հաղթողներ կլինեն, ոչ պարտվողներ»,- հայտարարեց ԱԺ նախագահը: