«Գագիկ Ծառուկյանը փորձել է խաղից դուրս հանել իր գլխավոր «գործընկերոջը»՝ Ռոբերտ Քոչարյանին»

168.am-ը քաղաքագետ Գագիկ Համբարյանից հետաքրքրվեց՝ ինչպե՞ս է նա գնահատում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դերակատարումը ներկա ներքաղաքական պրոցեսներում` հաշվի առնելով շրջանառվող այն կարծիքները, որ իշխանությունն իրար փոխանցելու «խաղ է գնում» Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի միջև:

Քաղաքագետը նշեց, որ արդեն մամուլում հայտնվել են հրապարակումներ, որոնց համաձայն՝ Գագիկ Ծառուկյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի միջև եղել է համաձայնություն, ըստ որի՝ Գագիկ Ծառուկյանը պետք է դառնար նախագահ, իսկ Լևոն Տեր-Պետրոսյանը ԱԺ նախագահ.

«Այստեղ հարց է առաջանում՝ իսկ որտե՞ղ է երկրորդ նախագահը, որին հասարակությունը հորջորջում է որպես ԲՀԿ-ի թիկունք: Խնդիրն այն է, որ եթե այդ հրապարակումները համապատասխանում են իրականությանը, ապա Գագիկ Ծառուկյանը շատ վտանագավոր խաղի մեջ է մտել Լևոն Տեր-Պետրոսյանի հետ՝ փորձելով խաղից դուրս հանել Ռոբերտ Քոչարյանին: Իսկ մենք շատ լավ գիտենք, որ Լևոն Տեր-Պետրոսյանը Ռոբերտ Քոչարյանին համարում է ուղղակիորեն իրեն թշնամի, և, իմ կարծիքով, այս ֆորսմաժորային իրավիճակը, որը ստեղծվեց Գագիկ Ծառուկյանի շուրջը և վերջում բերեց նրա՝ որպես քաղաքական գործչի պարտությանը, հենց պայմանավորաված էր սրանով, որ երևի թե իրականում, իրոք, այդպիսի խնդիր է եղել, երբ նա փորձել է խաղից դուրս հանել իր գլխավոր «գործընկերոջը»՝ ի դեմս Ռոբերտ Քոչարյանի»:

Հարցին՝ փաստորեն, Սերժ Սարգսյանի ելույթը այդ կոնտեքստում կարելի՞ է դիտարկել, այդ նպատա՞կն է հետապնդել, Գ. Համբարյանն այսպես պատասխանեց.

«Պարտադիր չէ՝ Սերժ Սարգսյանի ելույթը լինի այդ նպատակով, ուղղակի Սերժ Սարգսյանը շատ պրոֆեսիոնալ օգտագործեց ժամանակը և տեղեկատվությունը այս ամենի վերաբերյալ և խաղից դուրս հանեց իր գլխավոր մրցակցին՝ ի դեմս ԲՀԿ-ի և նրա ղեկավար Գագիկ Ծառուկյանի»:

 

Տեսանյութեր

Լրահոս