«Մենք կտեսնենք՝ մոտակա ամիսների ընթացքում ինչպես է վերաբաշխվելու Ծառուկյանի ունեցվածքը»
Ինչ իրադարձություն էլ տեղի ունենա քաղաքական կյանքում, ինչ պատմական իրադարձությունների մեջ էլ լինի յուրաքանչյուր պետություն, բավական է դուրս գալ փողոց, մոտենալ պատահական մարդու և հարցնել՝ դու երջանի՞կ ես քո սեփական երկրում, և դուք կստանաք ճշգրիտ պատասխանը, որը կբնութագրի այն իրականությունը, որի մեջ է այդ մարդը:
Այս կարծիքին է երգիչ, երգահան Վահան Արծրունին, որն այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, խոսելով Հայաստանի ներքաղաքական իրավիճակի, ԲՀԿ-ՀՀԿ հակամարտության մասին, նշեց, որ երբ մտանք նոր պատմական շրջան, պատերազմ կար, որոշ հայ տղաներ ճակատն էին պահում, իսկ դրան զուգահեռ՝ ուրիշ տղաները սկզբից խորովածանոցներ բացեցին, հետո այդ սեղանիկ-խորովածանոցը դարձավ հյուրանոց.
«Անցան տարիներ, այս տեղերքից ոմանք մնացին խրամատներում խփված, ոմանք վերադարձան հետ ու տեսան, որ այս նույն ժամանակահատվածում մյուս տեղերքը հարստացան ու հարստանալուց հետո նաև մտան իշխանության մեջ: Այսինքն՝ բացահայտ են այդ բոլոր մեխանիզմները, ու մենք տեսնում ենք, թե ովքեր՝ ինչ ճանապարհներով են մտել՝ սկզբից բիզնես ոլորտ, հետո՝ քաղաքականություն, իսկ հետո՝ փակուղի, որովհետև այն մտայնությունը, որ քեզ թույլ է տալիս ճարպիկ ճանապարհ գտնել մանղալ բռնելու, այդ նույն մեխանիզմը բավարար չէ, երբ դու մտած ես քաղաքականության մեջ, և, առավել ևս, բավարար չէ, երբ իշխանության ղեկն է քո ձեռքին»:
Խոսլեով ԲՀԿ-ՀՀԿ հակասության մասին՝ Վ. Արծրունին շեշտեց, որ իրականում հակասություն չկա. «Տարերային կապիտալիզմի բնորոշումներից մեկն է ունեցվածքի վերաբաշխումը: Այսինքն՝ այս պատմական շրջանի համար հատուկ է այս վերաբաշխումը: Մենք կտեսնենք՝ մոտակա ամիսների ընթացքում ինչպես է վերաբաշխվելու Ծառուկյանի ունեցվածքը, կտեսնենք՝ ինչպես է վերաբաշխվելու նույնիսկ քաղաքական դաշտը, որովհետև մենք կտեսնենք այն հոսքերը, որոնք այս կուսակցական հարթությունից կբերեն մարդկանց այլ կուսակցական հարթակներ»:
Երգահանը նկատեց, որ նման իրավիճակներում միշտ ի հայտ է գալիս երրորդ ուժը. «Նման իրավիճակները ծնում են ինչ-որ մի քաղաքական հանգամանք, անսպասելի դրսևորում, անսպասելի լիդեր, որն ի զորու է փոխել իրականությունը: Եթե դա տեղի չունենա, որոշ ժամանակ այդ վերաբաշխումը կշարունկավի, բայց ակնհայտ է, որ դա երկար չի կարող տևել»:
ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանն էլ նշեց, որ ԲՀԿ- ՀՀԿ հակամարտության մեջ կշահի նա, ով կկատարի մաքրման գործը, այսինքն՝ ով կվերաբաշխի մյուսի ունեցվածքը.
«Եթե ՀՀԿ-ն կարողանա ապահովել առաջընթացի ծրագիր, ստանա հասարակության աջակցությունը, նա կվերաբաշխի ԲՀԿ-ի ունեցվածքը: Եթե ՀՀԿ-ն հաղթեց ինքն է տնօրինելու իրավիճակին, բայց անպայման պետք է ունենա առաջընթացի ծրագիր, եթե ԲՀԿ-ն կարողացավ հաղթել, ուրեմն՝ ԲՀԿ-ն կտօրինի ՀՀԿ-ի ռեսուրսներին: Կարծում եմ՝ հիմա դա է որոշվում:
Եթե խոսքը գնում է ընդամենը հակառակորդին, ունեցվածքը ոչնչացնելու, ազդեցությունը վերաբաշխելու մասին, դա մեզ օգուտ չէ, ոչ էլ իրեն է օգուտ, որովհետև 3-րդ ուժը կգա ու շատ խիստ կպատժի իրեն»:
168.am-ի հարցին՝ տեսնո՞ւմ են հիմա իրենք այդ 3-րդ ուժին՝ և՛ Վ. Արծրունին, և՛ Ա. Արշակյանը պատասխանեցին՝ չեն տեսնում:
Մանրամասները՝ տեսանյութում: