Ուղիղ մեկ տարի առաջ տեղի ունեցավ ընդդիմության առջև Վիկտոր Յանուկովիչի կապիտուլյացիան
Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ` ուղիղ մեկ տարի առաջ այժմ արդեն Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչն ու տվյալ ժամանակվա ընդդիմադիրները` Արսենի Յացենյուկը, Վիտալի Կլիչկոն ու Օլեգ Տյագնիբոկը, ստորագրեցին այսպես կոչված Ուկրաինայի քաղաքական ճգնաժամի կարգավորման մասին համաձայնագիրը:
Յանուկովիչը զիջումների գնաց մի կողմից Մայդանում եռօյա զանգվածային գնդակահարություններից, իսկ մյուս կողմից` երկրի պետական վարչակարգը գրավելու ալիքից հետո: Զիջումների գնալուն նպաստել է նաև Վաշինգտոնի ու Բրյուսելի արձագանքը, որոնք համատեղ սպառնացին ուղիղ պատժամիջոցներ սահմանել նրա նկատմամբ:
Ըստ էության, փաստաթուղթը նախագահական աթոռից կառչելու Յանուկովիչի վերջին փորձն էր, այն նախատեսում էր վերադարձ կատարել 2004 թվականի Սահմանադրությանը, նախագահական ընտրություններ անցկացնել մինչև տարեվերջ, Կիևի կենտրոնից հեռացնել ուժայիններին ու դադարեցնել բռնությունները բոլոր կողմերի մասնակցությամբ:
Փաստաթղթի ստորագրմանը ներկա են գտնվել Գերմանիայի ու Լեհաստանի արտգործնախարարները, ինչպես նաև Ֆրանսիայի ԱԳՆ-ի ներկայացուցիչը: Ուշագրավ է, որ այդ արարողակարգին ներկա է գտնվել նաև Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Վլադիմիր Լուկինը, ով, սակայն, հրաժարվել է ստորագրել այդ համաձայնագիրը: