Վրաստանը 8-10 տարվա ընթացքում կհասնի էներգետիկ անկախության. Էլոշվիլի
Business Грузия-ի փոխանցմամբ` Վրաստանն ունի հիդրոէներգետիկայի զարգացման վիթխարի պոտենցիալ, որի ճիշտ օգտագործումը երկրին հնարավորություն կտա 8-10 տարվա ընթացքում հասնել էներգետիկ անկախության:
Այս մասին հայտարարել է Վրաստանի էներգետիկայի փոխնախարար Իլյա Էլոշվիլին. «Հակառակ դեպքում, եթե էներգետիկան չզարգանա, ապա 3-4 տարի անց մենք կհայտնվենք լուրջ խնդիրների առջև, որովհետև երկիրը պետք է առավելագույն կերպ յուրացնի էներգիա մշակելու իր հնարավորությունները:
Վրաստանը Ռուսաստանից տարեկան ներկրում է 800 միլիոն կվտ/ժամ էներգիա, և եթե այդպես շարունակվի, ապա 5 տարի անց արդեն չեն լինի տեխնիկական հնարավորություններ` այդ ներկրումն իրականացնելու համար: Դա տեղի կունենա անգամ եթե հաշվի չառնենք կոմերցիոն ու քաղաքական հարցերը:
Մեր առաջադրանքը դեֆիցիտը մեր ուժերով ծածկելն է և դրա համար գլխավոր ռեսուրսը հիդրոէներգետիկան է: Մեզ մոտ այսօր այսպիսի իրավիճակ է. երկու տարվա ընթացքում շահագործման կհանձնվեն 200 մեգավատտ ընդհանուր հզորության հէկեր:
Բացի այդ, ներկայումս հետազոտություններ են տարվում` կապված 1500-2000 մեգավատտ ընդհանուր հզորության օբյեկտներ կառուցելու հետ: Խոսքը գնում է խոշոր, միջին ու փոքր հէկերի մասին:
Երբ այդ բոլոր օբյեկտները կհանձնվեն շահագործման, դրանք աշնանն ու ձմռանը կարտադրեն երկրում էներգիայի ընդհանուր սպառման 20 տոկոսը, ընդ որում` շատ ցածր գնով:
Տարվա մյուս ժամանակներում էլեկտրաէներգիան կարտահանվի Թուրքիա: Բացի այդ, պլանավորված է հսկա, ռազմավարական հէկերի կառուցում»: