«Փակ սենյակներում նստեցին, որոշեցին՝ ժողովրդի թիկունքում». Ռ. Հակոբյանը՝ Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպման մասին

«Այն, ինչ կատարվեց (այս մեկ տարվա ընթացքը և կուլմինացիան, որը տեղի ունեցավ փետրվարի 12, 13-ին), ցավոք սրտի, դիտարկեցին, որ դա երկու անձերի կռիվ է»,- այսօր Ազատության հրապարակում հրավիրված ասուլիս-հավաքի ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը՝ խոսելով ներքաղաքական իրավիճակի և եռյակի պայքարի մասին:

Նրա խոսքով՝ բոլորը գիտեն, որ ժողովրդի 90%-ը դեմ է իշխանությանը, և ժողովրդի 90%-ի խոսքն էր իրենց բողոքը. «Այլ հարց է, որ տարբեր շրջաններում, ժողովուրդը դա կերպավորել է ինչ-որ անձով»:

Խոսելով Սերժ Սարգսյանի և Գագիկ Ծառուկյանի հակամարտության և հաշտության մասին՝ Ռ. Հակոբյանը հայտարարեց. «Այդ հաշտեցման փուլը, որ ժողովրդի 100%-ը սպասում էր՝ ինչ պետք է լինի, ինչ լուծում պետք է ստանա, փաստորեն, փակ սենյակներում նստեցին, որոշեցին՝ ժողովրդի թիկունքում: Ես չեմ կարծում, որ խոսել են, որ իսկապես քաղաքականությամբ պետք է զբաղվի քաղաքական գործիչը, կամ՝ նրանք, ովքեր հանցագործներ են, ովքեր ստվերում են գործում, ովքեր չեն մուծում հարկերը, եկեք մեխանիզմ մշակենք, որպեսզի նրանց բերենք դաշտ: Ո՛չ: Երևի նստել՝ խոսել են, գողական հարթության վրա, որ պետք է մենք իրար չվիրավորենք, մենք լավ ընկերներ ենք եղել: Եվ ընդամենը գողական այդ «սխոդկայի» շրջանակում պետության հարց են լուծել: Ոչ մեկը տեղյակ չէ՝ ինչ կատարվեց: Հնարավոր է նաև, որ վախեցրած լինեն, որ կարող է՝ տնով, տեղով, ազգությամբ վերացնեն, որ քաղաքականությամբ զբաղվի, սա էլ է հնարավոր:

Իրենց այդ հաշտությունը քաղաքական լեգիտիմությունից զուրկ է, կապ չունի ձեզ հետ, մեզ հետ, և ժողովուրդը դա լավ գիտակցում է, և նրանք, ովքեր մտածում են, որ կարող են այս համաժողովրդական պայքարը դիտեն երկու անձի կռիվ, նրանք իսկապես ոչ պրոֆեսիոնալ քաղաքական գործիչներ են»:

 

 

Տեսանյութեր

Լրահոս