Հայկական սփյուռքը Թուրքիային զրպարտելու կամպանիա է ծավալել. Ջեմիլ Չիչեք
Թուրքական Sabah թերթի փոխանցմամբ` Թուրքիայի խորհրդարանի նախագահ Ջեմիլ Չիչեքն ընդունել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ և ՆԱՏՕ ԽՎ-ի նախագահ Մայքլ Թրներին ու նրա գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպման ժամանակ Չիչեքը, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցին. «Հայկական սփյուռքը Թուրքիային զրպարտելու կամպանիա է ծավալել: Պատմության մեջ գրանցված մեծ ցավերը, պատմական իրողությունները պարզելը պատմաբանների ու գիտնականների գործն է:
Մենք ցանկանում ենք, որ բարեկամական երկրներն էլ բացեն իրենց արխիվները: Մենք այդ հարցում ակնկալում ենք մեր բարեկամների աջակցությունը»:
Ջեմիլ Չիչեքն «ահաբեկչական կազմակերպություններ» է անվանել ASALA-ին ու PKK-ին, «Իսլամական պետությանը» և «Բոկո Հարամին»` փորձելով «հավասարության նշան» դնել նրանց միջև:
Հիշեցնենք, որ Ջեմիլ Չիչեքը դասվում է թուրքական քաղաքական գործիչների ծայրահեղ հակահայկական թևին և հանդիսանում է քրեական օրենսգրքի տխրահռչակ 301-րդ հոդվածի կնքահայրերից ու ջատագովներից մեկը, ինչի համար էլ ստացել է «301-րդ Ջեմիլ» մականունը: