ԵԱՀԿ Մինսկի խումբը հայտարարություն է տարածել

ԵԱՀԿ-ի պաշտոնական կայքի փոխանցմամբ` ԵԱՀԿ Մինսկի խումբն այսօր հայտարարություն է տարածել, որում նշված է. «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Պիեռ Անդրիեն (Ֆրանսիան) և Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ) փետրվարի 16-19-ին ժամանել են տարածաշրջան:

Նրանց միացել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկը: Համանախագահները հանդիպել են Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների, արտաքին գործերի ու պաշտպանության նախարարների, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի դե-ֆակտո իշխանությունների հետ:

Համանախագահների այցի հիմնական նպատակը եղել է հունվարին բռնությունների վտանգավոր աճից հետո հրադադարը խստապես պահպանելու կոչով կողմերին դիմելը:

Համանախագահների հետ իրենց զրույցներում կողմերը հաստատել են, որ հավատարիմ են Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը: Նախագահները նաև պայմանավորվել են դիտարկել համանախագահների արած առաջարկները, որոնք կարող են ամրապնդել հրադադարի ռեժիմը:

Համանախագահները նախագահների ու արտգործնախարարների հետ քննարկել են կարգավորման ճանապարհին ընկած հետագա քայլերը, ինչպես նաև այս տարի նախագահների ապագա հանդիպման նախապատրաստությունը:

Համանախագահները միևնույն ժամանակ տարածաշրջանում հանդիպել են ԿԽՄԿ-ի ներկայացուցիչների հետ` քննարկելու համար Ղարաբաղյան հակամարտության հետևանքով անհետ կորածների հարցը:

Նրանք ընդգծել են 2014 թվականի հոկտեմբերին Փարիզում նախագահների մակարդակով տեղի ունեցած հանդիպման ժամանակ ձեռք բերված համաձայնության կարևորությունը` կապված անհետ կորածների մասին ԿԽՄԿ-ի հովանու ներքո տեղեկատվություն փոխանակելու հետ»:

Տեսանյութեր

Լրահոս